15:55 | 22.02.19 | Նորություններ | 4756
Տավուշի մարզի Իջեւան քաղաքում առաջիկայում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:
Այս նպատակով այսօր եռակողմ հուշագիր են ստորագրել Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Տավուշի մարզպետարանը եւ Երեւանի Պետական Համալսարանի Իջեւանի մասնաճյուղը:
Ծրագրի նպատակն է նպաստել Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Հայ Օգնության Ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում կանցկացվեն դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում (C, C++, Swift, iOS, OOP Design Patterns) եւ վեբ ծրագրավորում (HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS):
Դասընթացը կմեկնարկի ապրիլի 1-ին: Դիմելու վերջնաժամկետը մարտի 25-ն է (ներառյալ): Հարկավոր է գրանցվել այստեղ:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա, ամրապնդել իրենց տեսական եւ գործնական գիտելիքները եւ արդեն իսկ ծանոթանալ աշխատաշուկայի հետ։ Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ եւ ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների եւ ընկերությունների հետ:
«Տավուշի մարզի երիտասարդների համար սա հիանալի հնարավորություն է՝ տեղում մատչելի տեխնոլոգիական կրթություն ստանալու առումով: Սա մարզերի զարգացմանը նպաստող տեխնոլոգիական արշավի մաս է, եւ մենք լիահույս ենք, որ ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում»,- նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Արդեն ապրիլի 1-ից Տավուշի մարզի երիտասարդները կարող են իրենց մարզում խորացնել սեփական տեխնոլոգիական գիտելիքները: Սա հնարավորություն է ստանալու որակյալ կրթություն եւ, միաժամանակ, մասնակցելու մարզի զարգացման գործին»,- հավելել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր են անցկացվելու Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում: