11:51 | 20.02.19 | Նորություններ | 9548
Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան եւ սմարթֆոններ տրամադրել՝ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը կյանքի կոչելու նպատակով։
Տարեկան մոտ 20 հազ. այցելու հյուրընկալող թանգարանի աշխատակիցների համար աուդիոգիդն էական եւ սպասված աջակցություն է։
«Շատ ակտուալ հարց էր մեզ համար աուդիոգիդեր ունենալը, որովհետեւ զբոսաշրջային ամենաթեժ սեզոնին մեր թանգարանի գիդերի քանակը հաճախ բավարար չէ բոլոր այցելուներին ընդունելու համար։ Մարդիկ հեռավոր երկրներից գալիս հասնում էին եւ դժգոհում, երբ չէին կարողանում այդ պահին լսել գիդի բացատրությունը։ Աուդիոգիդը գործում է հունվարի 1-ից։ Թեեւ սա մեզ համար անծանոթ մի գործընթաց էր իրականացման առումով, բայց հրաշալի է, որ կյանքի կոչվեց Ucom-ի շնորհիվ»,- նշել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
1991թ.-ից հանճարեղ ռեժիսորի եւ արվեստագետի թանգարանը ոչ միայն Երեւանում է ներկայացրել նրա ժառանգությունը, այլեւ աշխարհի տարբեր երկրներում։ Թանգարանը 60-ից ավելի օտարերկրյա ցուցահանդեսներ է կազմակերպել՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով Ս․Փարաջանովի արվեստի նկատմամբ։
«Ի զարմանս ինձ այսօր տեղեկացա, որ թանգարանն ամեն օր բաց է՝ հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, եւ այս թվայնացումը մեկ քայլ առաջ է, որպեսզի բոլորը կարողանան տեսնել, լսել եւ հասկանալ, թե ինչով է մեծ վարպետը տարբերվել խորհրդային ժամանակաշրջանում։ Աուդիոգիդը կօգնի տարբեր լեզուներով պատմել Փարաջանովի թողած ժառանգության մասին, որը ոչ միայն հայերիս համար կարեւոր, այլեւ համամարդկային նշանակության մնայուն արժեք է։ Այսպիսի արժեքների պահպանումը գերխնդիր է։ Ինչպես հիշում եք, Ucom ընկերությունն երկու տարի առաջ աջակցել է «Մեծ Հայք՝ 360 աստիճան» նախագծի իրականացմանը, որի շնորհիվ անմահացան Արեւմտյան Հայաստանի հայկական ժառանգության կարեւորագույն նմուշները, որոնցից մի քանիսը, ցավոք, պահպանվել են միայն թվայնացված վիճակում»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ucom ընկերությունը տեխնիկապես աջակցում եւ անվճար ինտերնետ է տրամադրում մի շարք մշակութային օջախներին, որոնց թվում է Հայաստանի Ազգային պատկերասրահը, Գառնու տաճարին հարող տարածքը, Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը եւ տասնյակ այլ մշակութային վայրեր։