16:49 | 16.01.19 | Նորություններ | 14037

AI-ն դրամատիկորեն փոխելու է այս աշխարհը, ասել է ՀՀ նախագահը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ «արհեստական բանականությունը դառնում է ինդուստրիալ հեղափոխության ուղեղը»։

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող «Աբու Դաբի կայուն զարգացման շաբաթ» ամենամյա ֆորումի «Ապագայի գագաթնաժողով»-ին Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է որպես հիմնական բանախոս:

«Արագացել են բնական գիտությունների ոլորտում մեր նվաճումները, եւ դրա հիմքում ընկած է արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը կօգնի ավելի խորը հասկանալ մեր ԴՆԹ-ն, ինչպես նաեւ վերափոխել այն այնպես, որ մենք ապրենք ավելի երկար ու առողջ, հաղթահարենք այնպիսի հիվանդությունները, ինչպիսին է քաղցկեղը։

Արհեստական բանականությունը դառնում է ինդուստրիալ հեղափոխության ուղեղը։
Ուզում եմ արձանագրել մի կարեւոր բան՝ չկա չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն: Այն, ինչին առերեսվում ենք այսօր, եւ այն, ինչին երիտասարդ սերունդն առերեսվելու է վաղը, մշտական հեղափոխություն է, որը տեղի է ունենալու ամեն օր։ Դրա հիմքում գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում հսկայական գիտելիքներն են, սակայն լոկոմոտիվն արհեստական բանականությունն է։

Այն երկրները կամ ընկերությունները, որոնք ներդրումներ են անում արհեստական բանականության գործում, ճիշտ ուղու վրա են, քանի որ արհեստական բանականությունը՝ մեր ունեցած գիտելիքների հետ, դրամատիկորեն փոխելու են այս աշխարհը, ինչպես նաեւ մեր խնդիրների հաղթահարման ձեւերը», - ասել է Հայաստանի նախագահը: