16:04 | 14.01.19 | Նորություններ | 3089

Veon մեսենջերը կդադարեցնի գործունեությունը

Veon մեսենջերը, որը գործարկվել էր 2017թ., դադարեցնում է գործունեությունը, հաղորդել է vc.ru-ն, հղում կատարելով Bloomberg-ին:

Մեծ Բրիտանիայում եւ Նիդերլանդներում հավելվածի վրա աշխատող շուրջ 200 հոգանոց թիմը կհեռացվի աշխատանքից:

Մեսենջերը գործարկվել է կապի եւ ինտերնետ ծառայությունների պրովայդեր VEON խմբի կողմից: Հավելվածի առավելություններից էր այն, որ հնարավոր էր կապի մեջ մնալ նույնիսկ զրոյական կամ բացասական հեռախոսային հաշվեկշռի դեպքում: Հավելվածից կարող էին օգտվել այն օպերատորների բաժանորդները, որոնք VEON խմբի մաս են կազմում:

Veon հավելվածը հնարավորություն էր տալիս փոխանակվել հաղորդագրություններով, զանգեր կատարել, ինչպես նաեւ կարդալ թարմ լուրեր, դրամային փոխանցումներ իրականացնել, ֆիլմեր դիտել եւ այլն:

vc.ru-ի հետ զրույցում VEON-ի ներկայացուցիչները հաստատել են, որ հոլդինգի ղեկավարությունն առաջարկել է դադարեցնել հարթակի ֆինանսավորումը, հավելելով, որ հարցը ներկայում քննարկվում է նախագծի թիմի հետ:

Հիշեցնենք, որ կապի եւ ինտերնետ ծառայությունների պրովայդեր VEON խումբը, որի մաս է կազմում նաեւ Հայաստանում Beeline-ը, 2018թ. դեկտեմբերից նոր նախագահ եւ գլխավոր տնօրեն ունի: Ուրսուլա Բերնսն այդ պաշտոնում փոխարինել է Ժան Իվ Շառլիեին:

Վերջինս 2017թ. Itel.am-ի հետ բացառիկ զրույցում նշել էր, որ ընկերությունը կենտրոնացած է նոր թվային ծառայությունների ներդրման ուղղությամբ, դրանց թվում նշելով Veon մեսենջերը: