11:06 | 11.01.19 | Նորություններ | 9192

Repat Start Up ծրագիրն ընդունում է մասնակցության հայտեր

Repat Start Up Mentorship ծրագիրը, որի նպատակն է աջակցել այն նորարարներին, որոնք պատրաստ են իրականացնել Հայաստանի զարգացմանն անմիջականորեն նպաստող նոր նախաձեռնություններ, ընդունում է մասնակցության հայտեր:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։

Երկրորդ անգամ իրականացվող ծրագիրը նախապատվություն է տալիս այն դիմորդներին, որոնք փորձառություն կունենան բիզնես կամ հասարակական նախաձեռնություններում, որոնց գործունեությունը ներառում, բայց չի սահմանափակում զբոսաշրջություն, բժշկական ծառայություններ, տեխնոլոգիա, գյուղատնտեսություն, հաղորդակցություն եւ տեղեկատվություն, կրթություն, հասարակական նախաձեռնություններ եւ արտադրություն ոլորտները։

Դիմել կարող են դառնալ այն անձինք, որոնք ներկայումս բնակվում են արտերկրում կամ նրանք, ում ՀՀ-ում գտնվելու ժամանակը չի գերազանցում 3 տարին։ Արտերկրում բնակվող դիմորդն ընտրվելու դեպքում Հայաստանում ծրագրի համակարգող ունենալու հնարավորություն կստանա։ Ծրագրի համակարգողի ընտրությունը պետք է կատարվի ծրագրին մասնակցությունը հաստատելուց հետո 30 օրվա ընթացքում։

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ունենալ անձնական մենթոր ու ստանալ մեկամյա բաժանորդագրություն քովորքինգ տարածքում։ Ծրագրի շրջանակում մասնակիցը կարող է ստանալ իրավական եւ տեղեկատվական աջակցություն:

Մասնակիցներին տրամադրվում է նաեւ մարքեթինգ եւ PR աջակցություն, մասնակցության հնարավորություն Sevan StartUp Summit-ում, ինչպես նաեւ Սփյուռքի եւ Հայաստանի փորձառու ու առաջատար մասնագետների հետ շփման հնարավորություն։

Նշենք, որ Repat Start Up Mentorship Program ծրագրի առաջին փուլում ընտրված մասնակիցները 2018թ․ նոյեմբերի 8-ին կայացած Meet and Greet միջոցառմանը ներկայացրել են սեփական նախագծերի՝ նախորդ 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքը։

Ծրագիրը մեկնարկել եւ իրականացվում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia Foundation) նախաձեռնությամբ։