16:11 | 25.12.18 | Նորություններ | 18785

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է եւս մեկ ընտանիքի բնակարանային խնդիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» գնահատում են ընթացիկ տարվա ձեռքբերումները: Գարնանը մեկնարկած բնակարանաշինության ծրագիրը մոտենում է ավարտին: Ձեռքբերումներից մեկն էլ 30 տարվա վաղեմության խնդրի լուծումն է Կոթի գյուղում:

Ծրագրի շնորհիվ Բեջանյանների ընտանիքի կյանքը հիմնովին փոխվել է. նրանք քարաշեն, երկհարկանի տանը նախապատրաստվում են Նոր տարվա տոներին:

«Այս ծրագիրը միշտ համարել եմ ամենահաջողվածներից: Կա մի քանի պատճառ. կատարվում է կարեւոր գործ եւ մարդիկ արժանապատվությամբ հաղթահարում են տարիների խնդիրը: Հատկապես ուրախ եմ սահմանին ապրող մեր հայրենակիցների համար: Աջակցություն ստացած ընտանիքներն Նոր տարին նշելու են նոր բնակարանում: Թող այսուհետ կյանքը միայն հաճելին մատուցի նրանց: Շնորհակալություն համագործակցության համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընթացիկ տարում հատկապես կարեւոր ձեռքբերում էր կոթեցի ընտանիքներից մեկին ցուցաբերված աջակցությունը: Երեսուն տարի, երկաթյա տնակում, հակառակորդի գնդակոծության հնարավոր վտանգներից երեխաներին պաշտպանած ընտանիքը կշարունակի ապրել իր հայրենի գյուղում: Այս անգամ, սակայն, առավել ապահով՝ քարե տանը: Հուսահատությունն այլեւս հոգեվիճակ չէ նրանց համար. մարդիկ սկսում են ժպտալ ու հավատով նայել ապագային: Սա ամենաերկար սպասված նվերն էր՝ Ամանորի շեմին: Առաջին անգամ կյանքում Բեջանյանների երեսունամյա որդիները սկսել են մտածել ընտանիք կազմելու մասին»,- ասել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» տնօրեն Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության՝ ընթացիկ տարվա ծրագրով, տոներից հետո բնակարանամուտ կնշի եւս մեկ ընտանիք: Այս անգամ՝ Արագածոտնի մարզում: