11:43 | 25.12.18 | Նորություններ | 18728

Ucom-ը խոշոր դատա-կենտրոն կկառուցի

Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտնել է, որ ընկերությունը պլանավորում է տվյալների խոշոր կենտրոն կառուցել:

«Պահանջարկը պետք է լինի: Դրանով հետարքրքված են ինչպես բանկերը, այնպես էլ ոչ մեծ ՏՏ ընկերությունները: Ի՞նչ է կատարվում այսօր: Շատ ընկերություններ իրենց գրասենյակներում մեկ սենյակ են հատկացնում, այնտեղ տեղադրում սարքավորումներ, օդորակիչ եւ կարծում են, որ դա կարելի է համարել դատա-կենտրոն: Սակայն, եթե հաշվարկել օպերացիոն բոլոր ծախսերը, էլեկտրագեներատորի առկայության անհրաժեշտությունը, եւ, ամենակարեւորը, հուսալիությունը, ապա կստացվի, որ ավելի լավ է օգտվել նորմալ դատա-կենտրոնի ծառայություններից, որը կառուցվել է եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխան»,- ընդգծել է Հայկ Եսայանը՝ «Գոլոս Արմենիի»-ն տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ 2 տարի առաջ Ucom-ը սկսել է իր հաճախորդներին առաջարկել օնլայն տվյալների պահպանության ամպային ծառայություն:

«Մենք նաեւ մտածում ենք SaaS ծառայությունների տրամադրման մասին (ծրագրային ապահովումը որպես ծառայություն): Մենք պատրաստ ենք դա տրամադրել ընկերությունների, որոնք ցանկանում են մեր ցանցի միջոցով իրենց ծառայություները մատուցել: Օրինակ, որեւէ ընկերություն տրամադրում է իր սոֆթը կորպորատիվ հաճախորդներին: Եթե ծրագրային այդ ապահովումը տեղադրվի ամպային համակարգերում եւ բաժանորդը օգտվի դրանից մեր ցանցի միջոցով, ապա կստանա մի շարք առավելություններ. տվյալները չեն անհետանում, սոֆթը հնարավոր կլինի օգտագործել գրասենյակներից յուրաքանչյուրում (եթե դրանք մի քանիսն են), եւ, դրան գումարած, նվազում են օպերացիոն ծախսերը: Ողջ աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ: Մենք՝ նույնպես», - եզրափակել է Հայկ Եսայանը: