14:30 | 19.12.18 | Նորություններ | 3018
2018թ. բիզնեսի կողմից ամենաշատ օգտագործվող մեսենջերներ են դարձել Skype for Business-ը եւ Microsoft Teams-ը:
Այս մասին է վկայում Spiceworks ընկերության հրապարակած հետազոտությունը:
Եվրոպական եւ ամերիկյան ՏՏ ոլորտի ընկերությունների շրջանում իրականացված հարցմանը մասնակցել է փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի շուրջ 900 ներկայացուցիչ՝ արտադրության, բժշկության, կրթության, ֆինանսների որորտից, ինչպես նաեւ ոչ շահույթ հետապնդող կազմակերպություններից:
Հետազոտության համաձայն, այս տարի մեծ թվով ընկերություններ էլ. փոստով հաղորդակցությունը փոխարինել են մեսենջերներով: Նախապատվություն է տրվում այն մեսենջերներին, որոնք ունեն թեմատիկ չատեր, վիդեո կոնֆերանսների եւ ոչ ֆորմալ շփման հնարավորություն:
Հարցման մասնակիցների 21%-ն այս տարի օգտագործել է Microsoft Teams, իսկ 44%-ը՝ կրկին Microsoft-ին պատկանող Skype for Business լուծումը: Երրորդ տեղում Slack-ն է՝ 15%, որին հաջորդում է Google Hangouts-ը՝ 11%:
Մեսենջերներ օգտագործում են փոքր բիզնեսի 58%, միջին բիզնեսի 61% եւ խոշոր բիզնեսի 70%-ը: Նշվում է, որ ինչքան ավելի խոշոր է ընկերությունը, այնքան ավելի հաճախ են վերջինիս աշխատակիցներն օգտագործում մեսենջերներ՝ էլ. փոստի փոխարեն:
Սամվել Ղարագյոզյան