11:19 | 19.12.18 | Նորություններ | 4666

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ծովակ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով, միայն 2017թ. Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում տեղադրվել է 50 LED լուսարձակ, իսկ այս տարվա ամռանը՝ եւս 43-ը:

Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ստեղծման շնորհիվ՝ գյուղում լուսավորվել է 3300 մետր փողոց, որից շուրջ 1800 մետրը՝ 2017թ. եւ 1500 մետրը՝ ընթացիկ տարում:

Ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո, էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը եւ համայնքի բնակիչները:

«Այս ծրագիրն ունի կարեւոր երկու նպատակ՝ նպաստել համայնքների զարգացմանը եւ թեթեւացնել առկա բեռը: Նոր ենթակառուցվածքների կառուցումն իրականացվում է այդ տրամաբանությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ այս գյուղում ծրագիրն ունեցել է հաջող ընթացք. փողոցները լուսավորվել են, իսկ դրա համար ծախսվող միջոցները լրացուցիչ բեռ չեն հողի մշակի համար: Կա նաեւ առաջին հայացքից քիչ նկատելի, բայց առավել կարեւոր արդյունք՝ մայրաքաղաք-գյուղ տարբերության կրճատումը: Դա չափազանց կարեւոր է՝ հատկապես արագ տեմպերով զարգացող ժամանակակից աշխարհում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական եւ էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ՝ գյուղական համայնքները էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը, իսկ համայնքային միջոցների խնայումը նպաստում է գյուղական կյանքի աշխուժացմանը: Ծովակում համակարգի արդյունավետությունը զգացել են ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից: 2017թ.-ից խնայված միջոցներով, մասնակիորեն լուծվել է եւս մեկ խնդիր. համայնքը կառուցել է ավելի քան 1 կմ. երկարությամբ խմելու ջրագիծ:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: