12:20 | 17.12.18 | Նորություններ | 2506

Տիգրան Ավինյան. «ՆերՈՒԺ»-ը Հայաստան-Սփյուռք նոր որակի համագործակցության հիմք է դնում

Դեկտեմբերի 16-ին պաշտոնապես մեկնարկել է «ՆերՈՒԺ» ստարտափ ծրագիրը, որին մասնակցել է նաեւ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Նա հայտարարել է, որ անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը լքել են հարյուր հազարավոր մարդիկ, երկիրը զրկվել է իր գիտնականների, գործարարների, տարբեր ոլորտների որակյալ մասնագետների մի զգալի մասից։

«Իսկ Սփյուռքի հետ հարաբերություններում նախկին կառավարությունները հանդես են եկել հիմնականում փող խնդրողի դերում՝ փոխարեն ոչինչ չառաջարկելով։ «ՆերՈՒԺ»-ը կոտրում է այս միակողմանի հարաբերության սկզբունքը եւ հիմք դնում Հայաստան-Սփյուռք նոր որակի համագործակցության»,- ասել է նա:

Տիգրան Ավինյանի խոսքով, առաջին անգամ Հայաստանն է առաջարկում ֆինանսական հնարավորություններ, մասնագիտական ուսուցում եւ լայն գործընկերային ցանց ստանալու հնարավորություն՝ 27 երկրի 71 ստարտափի։

«Առաջին անգամ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները Հայաստան են գալիս ոչ միայն արյան կանչով կամ զբոսաշրջության նպատակով, այլ այն պատճառով, որ հայրենիքը նրանց հնարավորություն է տալիս իրենց բիզնեսը զարգացնել, նոր գաղափարներ առաջարկել ու մեծ հաջողությունների հասնել»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ «ՆերՈւժ» ստարտափ ծրագիրը կանցկացվի դեկտեմբերի 17-ից 21-ը՝ UWC Դիլիջան քոլեջում: Ծրագրին մասնակցում է 70 ստարտափ, որոնցից 50-ը՝ Սփյուռքից: Քառօրյա միջոցառման նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակ եւ հնարավորություններ ստեղծումը: Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, նորարարական տեխնոլոգիաները: