14:26 | 22.11.18 | Նորություններ | 3522
Նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին Դիլիջանում կկայանա 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը (BIF 2018)՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո:
«Բիզնես ինովացիոն ֆորումի կամ, այսպես կոչված, «Հայկական դավոսի» շրջանակում պրոֆեսիոնալների քննարկումների միջոցով կնախանշվի Հայաստանի ինովացիոն զարգացման ճանապարհները, ապա այն կներկայացվի պետական համապատասխան մարմիններին», - նշել է ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ֆորումի շրջանակում առաջին անգամ կհնչեցնի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական կոնցեպտը:
«Այսօր չափազանց կարեւոր է ամրապնդել եւ խթանել գիտություն-բիզնես կապը, ինչի արդյունքում ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաները ավելի կիրառական կդառնան՝ խթանելով բիզնեսի արդիականացումը եւ զարգացումը Հայաստանում: Կարծում ենք, որ այս ֆորումը կհանդիսանա հենց այն հարթակը, որի միջոցով կհասնենք այս նպատակին»,- ասել է ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը:
Երկօրյա բիզնես ինովացիոն ֆորումի առանցքային թեմաներն են՝ «Նորարարության եւ Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարություն», «Կրթության զարգացումը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում», «Աջակցության Հայաստանում գիտության եւ նորարարության զարգացմանը», «Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը Հայաստանի մարզերում», «Կիբեռանվտանգությունը Հայաստանի տնտեսությունում»: Ամբողջական օրակարգը հասանելի է այստեղ:
Ֆորումն իրականացվում է 2013թ.-ից ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերը վերջին 3 տարիներին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն է: