15:15 | 20.11.18 | Նորություններ | 9479
Փարիզի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի` Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցի շրջանակում մեկնարկել է «Թումո»-ի եւ INCO-ի միջեւ համատեղ ծրագիրը:
Հասարակական եւ բնապահպանական ստարտափներին աջակցություն տրամադրող Փարիզում հիմնված SPRINT ցանցը (Start-up Paris Region International) աշխատելու է Ինժեներիայի եւ կիրառական գիտությունների «Թումո»-ԵՄ Convergence Center-ի հետ համատեղ` աջակցելով տեղական ստարտափներին:
«Թումո»-ի զարգացման ղեկավար Բեկոր Փափազյանը եւ INCO-ի հիմնադիր տնօրեն Նիկոլա Ազարը գործակցության պաշտոնական հուշագիր են ստորագրել:
«Խորհրդային միության ժամանակ Հայաստանը եղել է գիտության եւ տեխնոլոգիաների հենման կետ: Ես մեզ անվանում եմ «ամենագետ» հանրապետություն: Այստեղ` «Թումո»-ում, այդ հիմքի վրա հենվելով, մենք շարունակում ենք աճել այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսին այսօրվա համագործակցությունն է INCO-ի հետ: Մեզ համար պատիվ է միանալ մի միջավայրի ստեղծմանը, որը կաջակցի Հայաստանի ապագայի սոցիալական եւ բնապահպանական նախաձեռնություններին»,- նշել է Բեկոր Փափազյանը:
«Ես բազմիցս լսել եմ «Թումո»-ի մասին եւ վերջապես պատիվ ունեմ այցելելու այս հիասքանչ կենտրոնը: Ինչպես գիտեք՝ «Թումո Փարիզը» բոլորովին վերջերս` օրեր առաջ սկսեց իր աշխատանքը, եւ ես հույս ունեմ, որ այն կհաջողի նույնքան, որքան հաջողում է այստեղ: Հայաստանը հայտնի է թվային ոլորտում իր ներդրումներով: Իմ պաշտոնական առաքելությունն է Փարիզի շրջանը Եվրոպայի առաջին սմարթ կենտրոն դարձնելը: Այս համատեքստում մեր այսօրվա հուշագիրը մեծ դեր ունի»,- ասել է Փարիզի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը:
INCO-ի հիմնադիր տնօրեն Նիկոլա Ազարն էլ նշել է, որ ցանկանում են ավելի կայուն ապագա կառուցել եւ նախաձեռնողների մի սերունդ կրթել, որը կկարողանա կառուցել այդ նոր աշխարհն ու հաղթահարել առկա սոցիալական եւ բնապահպանական խնդիրները:
««Թումո»-ն եւ Հայաստանը լավագույն վայրն են դրա համար, քանի որ, ինչպես տեսնում եք, այստեղ է նոր սերունդը: Այստեղ են այն մարդիկ, ովքեր ստեղծելու են ապագայի կազմակերպությունները, ապագայի ստարտափները: Նրանք են կերտելու նոր աշխարհը, որն ավելի ներառուն եւ կենսակայուն կլինի»,- ասել է նա:
Նշենք, որ INCO-ն աջակցում է աշխարհի 20 երկրներում գործող 500 ստարտափների եւ 25 զարգացման ծրագրերի՝ կառավարման եւ համակարգման միջոցով: Այն նաեւ թրեյնինգներ եւ իրազեկման նախագծեր է կազմակերպում այն ձեռներեցների հետ, որոնք առնչվում են բնապահպանական եւ հասարակական մարտահրավերներին: