12:07 | 20.11.18 | Նորություններ | 3179

Հայաստանը, Ռուսաստանը եւ Իրանը կհամագործակցեն բլոկչեյնի ոլորտում

Նոյեմբերի 14-15-ին Երեւանում կայացած Chainpoint 18 միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի բլոկչեյն ասոցիացիաների նախագահները ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Այն թույլ կտա երեք երկրներին առավել սերտ համագործակցել բլոկչեյնի ոլորտում:

«Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել փոխադարձ խորհրդատվություններ եւ փորձի փոխանակում: Այսպիսի համագործակցությունները ցույց են տալիս, որ Հայաստանը բլոկչեյնի միջազգային համայնքի կողմից դիտարկվում է ե՛ւ որպես գիտելիքների կենտրոն, ե՛ւ որպես տարածաշրջանում բլոկչեյնի զարգացման ամենաակտիվ ներկայացուցիչ»,- նշել է Noоor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը:


Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաեւ հայկական եւ ուկրաինական կողմերի միջեւ:

Համաժողովի շրջանակում բլոկչեյն տեխնոլոգիա կիրառող 8 հայկական ստարտափ ներկայացել է տեղացի եւ օտարերկրացի ներդրողներին:

Խոսելով Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիայի ներկա իրավիճակի մասին՝ պանելային քննարկումների մասնակիցները նշել են, որ Հայաստանում բլոկչեյնի եւ նրա կիրառությունների զարգացման մեծ ներուժ կա, որի զարգացմանը կնպաստի համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանումը:

Մասնակիցները նաեւ հույս են հայտնել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում ի հայտ կգան բազմաթիվ հաջող նախագծեր։