14:12 | 15.11.18 | Նորություններ | 11419
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է Հեռանկարային լուծումների կենտրոնի (ASCENT) գործարկման մասին:
Կենտրոնը հիմնադրվել է որպես գիտահեն կազմակերպությունների ստեղծման եւ զարգացման բազմաֆունկցիոնալ հարթակ:
FAST-ում նշել են, որ ծրագրի առաջին փուլը ներառելու է տվյալագիտության (data science), մեքենայական ուսուցման (machine learning) եւ արհեստական բանականության (artificial intelligence) ուղղությունները:
«Կենտրոնը ոլորտի մասնագետներին առաջարկում է մրցունակ աշխատավարձ: Յուրաքանչյուր լուծման կամ նախատիպի վրա աշխատող հետազոտողները մասնաբաժին կստանան նաեւ ստեղծվող կազմակերպություններում»,- ընդգծել են FAST-ում:
ASCENT-ում ընկերության ստեղծման գործընթացը կանցնի հետեւյալ շրջափուլերով:
Ուսումնասիրություն - այս փուլում խմբերն ինտենսիվ կաշխատեն՝ ստեղծելու կրեատիվ հետազոտական գաղափարներ, որոնք ապագայում նորարար լուծումների հիմք կդառնան: Գաղափարներն անընդհատ կֆիլտրվեն եւ կկատարելագործվեն՝ ուսումնասիրության գործընթացում: Պոտենցիալ ոչ ավանդական նորարարությունները հետագայում կհամեմատվեն արդեն գոյություն ունեցող լուծումների հետ, ինչի արդյունքում շուկայում նոր իրավիճակ կստեղծվի:
ProtoCo - այս փուլում կիրականացվի գաղափարի իրագործելիության հետազոտություն եւ թեստավորում: Շրջափուլի ավարտին կամ գաղափարը կմերժվի, կամ, հաջողության դեպքում, կստեղծվի դրա նախատիպը եւ կպատենտավորվի: Հիմնական հետազոտական թիմին կմիանան հատուկ փորձ ունեցող նոր անդամներ, որոնք հարկավոր են հիպոթեզային լուծման իրականացման համար: Նախատիպի պատրաստ լինելուն պես կձեւավորվի ավելի մեծ թիմ, որում կներառվեն նաեւ բիզնես անդամներ:
NewCo - սա այն փուլն է, երբ ընկերությունը հաստատված է որպես ներքին վենչուրային նախաձեռնություն՝ ASCENT-ի ղեկավարությամբ: Նպատակն է ստեղծել պրոդուկտ եւ հարթակի զարգացման պլան, ինչպես նաեւ հավաքել ավելի մեծ թիմ: Այս փուլում ընկերությունը սկսում է լրացուցիչ ներդրումներ հավաքագրել:
Վենչուր - այս փուլում ընկերությունը ցուցաբերում է ադեկվատ վաճառքներ իրականացնելու, աճելու եւ զարգանալու կարողություն: Հնարավոր են գործադիր տնօրենի եւ այլ ղեկավար պաշտոնյաների փոփոխություններ, քանի որ ընկերությունը աճում է եւ, հետեւաբար, նոր պահանջներ են դրվում բարձրաստիճան ղեկավարների առաջ:
FAST-ում հավելել են, որ կենտրոնում առկա են թափուր աշխատատեղեր հետազոտողների/ավագ հետազոտողների, հետազոտական թիմի ղեկավարների համար: