12:59 | 09.11.18 | Նորություններ | 13895

Պարգեւատրվել է VivaStart ծրագրի շրջանավարտների 9-րդ խումբը

Կարեւորելով վաճառքի եւ բաժանորդների սպասարկման մշակույթի զարգացումը Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից արդեն շուրջ 3 տարի է իրականացվում է VivaStart կրթական ծրագիրը:

Այսօր կայացել է VivaStart-ի հերթական փուլի ավարտական արարողությունը, որի ընթացքում ծրագրի շրջանավարտները պարգեւատրվել են հավաստագրերով: Ամենաբարձր ցուցանիշներ ապահոված չորս մասնակիցները՝ Հայկուհի Մարտիկյանը, Անի Կարապետյանը, Մարիամ Հակոբյանն ու Արսեն Հայրյանը, հավաստագրերի հետ մեկտեղ ստացել են Huawei Honor 7A սմարթֆոններ:

Այս տարի իրականացվել է թվով 9-րդ VivaStart-ը, որին մասնակցել է 36 ուսանող:
Նրանցից 8-ը ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ֆրանկոֆոնիայի օրերին Կենտրոն վարչական տարածքում եւ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված սպասարկման կենտրոններում:

VivaStart-ի շրջանակում ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ վաճառքի եւ բաժանորդների սպասարկման վերաբերյալ տեսական գիտելիքներ, այնուհետեւ այդ գիտելիքները գործնականում կիրառել ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երեւանի եւ մարզերի սպասարկման կենտրոններում:

Նախքան հավաստագրերի հանձնման արարողությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր «Կապերի հաստատման հմտություններ» խորագրով վարպետության դասընթաց: Դասընթացի ժամանակ շրջանավարտները ծանոթացել են ժամանակակից գործարար աշխարհում մեծ նշանակություն ունեցող կապերի հաստատման հմտություններին, դասընթացավարին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը եւ ներկայացրել սեփական պատկերացումները:

Հավաստագրերը հանձնելուց հետո դիմելով ծրագրի մասնակիցներին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Շատ կարեւոր է, որ գիտելիքների ձեռքբերման ընթացքում դուք կարողացաք ուսումնասիրել ոլորտը եւ փորձեցիք հասկանալ ծառայությունների մատուցման ու բաժանորդային սպասարկման կարեւոր փուլերն ու գործընթացը: Շուրջ երեք տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակները երկուսն են. ուսանողների շրջանում զարգացնել վերլուծական միտքն ու հմտությունները, եւ նրանց նախապատրաստել աշխատաշուկայի համար: Ձեռք բերած գիտելիքների եւ փորձի շնորհիվ դուք պատրաստ եք սկսել ձեր կարիերան իբրեւ մասնագետներ՝ հատկապես սպասարկման ոլորտում»:

Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ ընկերության կողմից կազմակերպվող այս եւ նմանատիպ այլ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն:

2015թ.-ից մեկնարկած ծրագրին առ այսօր մասնակցել է ավելի քան 254 ուսանող: VivaStart-ի բազմաթիվ շրջանավարտներ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր կազմակերպություններում՝ ներառյալ հեռահաղորդակցության ու հարակից ոլորտներում: Նրանցից 22-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր սպասարկման կենտրոններում: Ընկերությունը մշտապես դիտարկում է մյուս շրջանավարտներին աշխատանքի ընդունելու հնարավորությունը: