17:27 | 05.11.18 | Նորություններ | 3481

Կապի խոշոր օպերատորները կրճատել են հարկերը

ՀՀ կապի երեք օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Beeline-ը եւ Ucom-ը, 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, ընդհանուր առմամբ, պետական բյուջե են վճարել 15,5 մլրդ դրամի հարկ, ինչը 18,5%-ով զիջում է անցած տարվա նույն ամիսների ցուցանիշին:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է: Այն 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե է վճարել 6 892,9 մլն դրամի հարկ, ինչը 8,1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Խոշորագույն հարկատուների ցանկում «ՄՏՍ Հայաստան»-ն այս եռամսյակ զբաղեցրել է 14-րդ տեղը՝ 2017թ. նույն եռամսյակի համեմատ զիջելով իր դիրքը մեկ հորիզոնականով:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 4 359,8 մլն դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 6,8%-ով, ինչը նրան ընդհանուր հարկատուների ցուցակում 16-րդից դարձրել է 23-րդը:

Խոշորագույն հարկատուների ցուցակում է նաեւ Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ընկերությունը (նախկինում՝ «Արմենիա տելեֆոն կոմպանի») (26-րդ՝ 14-րդի փոխարեն), որն, ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 4 221,4 մլրդ դրամ հարկ, ինչը 38%-ով զիջում է 2017թ. երրորդ եռամսյակի ցուցանիշը:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (133-րդ տեղ, 949,7 մլն դրամ, աճ՝ 53,3%):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել 672,1 մլրդ դրամի հարկ, ինչը շուրջ 16,1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: