14:05 | 25.10.18 | Նորություններ | exclusive 20124

EPIC կենտրոնի աշնանային ինկուբացիոն ծրագրին 9 թիմ է մասնակցում

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում (EPIC) այս ամիս մեկնարկել է 2018թ. աշնանային ինկուբացիոն ծրագիրը, որին 9 թիմ է մասնակցում:

EPIC-ում Itel.am-ին տեղեկացրել են, որ ինկուբացիոն ծրագրին մասնակցելու համար թիմերը հաղթահարել են ընտրության խիստ փուլեր: Կենտրոնը 30-ից ավելի դիմում-հայտ է ստացել: Նախնական ընտրությունից եւ հարցազրույցներից հետո ընտրված թիմերը հրավիրվել են իրենց գաղափարը ներկայացնելու անկախ ժյուրիին, որի որոշման հիման վրա էլ կատարվել է վերջնական ընտրությունը:

Աշնանային ծրագրին մասնակցող թիմերն են՝ Food.net, Rido, RenderChain, Internet of Cows, DD, Creatr, FinAssist, BeautyBook եւ Edwise: Թիմերից շատերը մասնակցել են կենտրոնի աջակցությամբ կազմակերպված Start-Up Boost Weekend-ին:

ՀԱՀ-ի նորաբաց ուսանողական կենտրոնում թիմերին ողջունելու նպատակով կազմակերպված արարողությանը մասնակցել է համալսարանի դասախոսական կազմը, շրջանավարտները, տեղացի եւ արտերկրից հրավիրված ձեռներեցները, ներդրողները, ինչպես նաեւ կենտրոնի հին ու նոր թիմերը:

EPIC-ի տասներկու շաբաթ տեւողությամբ ինկուբացիոն ծրագրի թիրախում նոր գաղափարներով թիմերն են: Կենտրոնն օգնում է սկսնակ թիմերին վավերացնել իրենց գաղափարները եւ ստեղծել ստարտափի նախնական բիզնես մոդելը:

Ծրագրի ընթացքում թիմերը սովորում են գործածել lean startup կոչվող մեթոդը, հնարավորություն են ունենում աշխատել փորձառու ձեռներեցների հետ, ինչպես նաեւ ստանում են պրոֆեսիոնալ խորհրդատվություն բիզնեսի տարբեր ճյուղերի մասնագետներից:

«Աշնանային ծրագրին բազմաթիվ գաղափարներով թիմեր են մասնակցում՝ ինտերնետ հարթակներից մինչեւ ֆինանսական պրոդուկտներ եւ օնլայն ամրագրման ծառայություններ, ֆիլմ արտադրությունից մինչեւ արհեստական բանականություն, բլոկչեյն եւ դրոններ: Որոշ թիմեր արդեն գրանցել են հաջողություններ, մինչդեռ մյուսները նոր են սկսում իրենց աշխատանքները: Բոլորը լի են էներգիայով, ոգեւորությամբ եւ պատրաստ են սովորել»,- նշել է EPIC կենտրոնի տնօրեն Մայքլ Քուշաքջեանը:

EPIC-ը ձեռնարկատիրական կրթության, համագործակցության եւ ստարտափ գաղափարների զարգացմանն աջակցող հարթակ է: Այն ՀԱՀ ուսանողների համար ստեղծում է էկոհամակարգ, որն առաջարկում է նորարարական աշխատանքային տարածքներ, տեխնիկա եւ այլ հարմարություններ, ծրագրեր եւ միջոցառումներ, ինչպես նաեւ կապ մենթորների, խորհրդատուների եւ ներդրողների հետ: