15:58 | 24.10.18 | Նորություններ | 3071

Հայտնի են Space Apps Challenge-ի հայաստանյան հաղթողները

Անցած շաբաթ Երեւանում ամփոփվել են ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (ՆԱՍԱ) Space Apps Challenge մրցույթի տեղական փուլի արդյունքները:

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասային գրասենյակում կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել INDIGO թիմի արհեստական բանականության վրա հիմնված տվյալների փոխանցման AI ROVER լուծումը՝ նախատեսված դեպի այլ մոլորակներ ուղեւորվողների համար։ Նախագծի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

INDIGO-ն հատուկ մրցանակ է ստացել FAST-ի կողմից: Թիմի 2 անդամներ հնարավորություն կստանան մեկնել Հոլանդիա՝ Եվրոպական տիեզերական հետազոտության եւ տեխնոլոգիայի կենտրոն` տիեզերական տեխնոլոգիաներին ու հետազոտություններին ծանոթանալու եւ փորձառություն ձեռք բերելու համար:

Երկրորդ տեղն էլ զբաղեցրել է 4EST թիմը, որի լուծումն օգնում է որոնել անտառներ, գտնել ճանապարհները եւ զգուշացնում անօրինական անտառահատումների եւ տարատեսակ այլ վտանգների մասին: Թիմը Լոկատոր ընկերության կողմից Xiaomi Mi Bunny MITU Block Robot Builder ռոբոտ է ստացել: Նախագծի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայաստանում երրորդ անգամ անցկացվող հաքաթոնի կազմակերպիչները տեղեկացրել են, որ տեղական փուլի հաղթող 2 թիմերի նախագծերը հաջորդ փուլում կմրցեն այլ երկրների հաղթողների հետ։

Նշենք, որ 24 ժամ տեւողությամբ մրցույթի շրջանակում ամբողջ աշխարհից մասնակցող թիմերն իրենց երկրներում մշակել եւ նախ տեղական, այնուհետեւ միջազգային ժյուրիի գնահատմանն են ներկայացրել իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները:
Մրցույթի պայմանն էր, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով եւ հասանելի մյուս մասնակիցներին:

Միջազգային մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը եւ կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST):