17:48 | 19.10.18 | Նորություններ | 10831
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS ամպային ենթակառուցվածքների ծառայությունը՝ նախատեսված մեծ, միջին եւ փոքր ընկերությունների համար:
Շուկայում առաջատար ամպային պլատֆորմի, տվյալների կենտրոնների (data center) եւ հաղորդակցական ուղիների (channels) անընդհատ ընդլայնվող ցանցի համադրությունը թույլ է տալիս հաճախորդներին օգտվել կոմպլեքս խնդիրների ու տվյալների պահման ամպային լուծումներից:
Այս մասին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Համակարգը ճկուն է եւ հարկ եղած դեպքում կարող է հեշտորեն վերաձեւվել՝ ըստ ծառայություններին առաջադրված նոր պահանջների: Այն անվտանգ է շրջակա միջավայրի համար եւ հուսալի՝ համապատասխանելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ սոցիալական եւ բնապահպանական պատասխանատվության երկարաժամկետ ռազմավարությանը:
Ամպային ծառայությունը տրամադրում է վիրտուալ միջավայրում գործող պլատֆորմ, որը թույլ է տալիս ընկերություններին մշակել, գործարկել եւ կառավարել ծրագրային հավելվածներ՝ առանց սեփական ենթակառուցվածքը կառուցելու եւ սպասարկելու անհրաժեշտության:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է մշակման եւ կառուցման ճկուն միջավայր, որը թույլ է տալիս օգտագործողներին ինքնուրույն տեղադրել ցանկացած բան՝ պարզ ամպային հիմքով հավելվածներից ընդհուպ մինչեւ բարդ, ամպային տեխնոլոգիաներով գործող, ընկերությունների համար կրիտիկական կարեւորության ծրագրեր եւ տվյալների հավաքակազմեր՝ ապահովելով դրանց բարձր աստիճանի անվտանգությունը եւ հուսալիությունը»,- նշել են ընկերությունում:
Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով, ծառայության գործարկումը ընկերության թվային ռազմավարության իրագործման ծրագրի հերթական քայլն է:
«Ընկերությունն աստիճանաբար ընդլայնում է իր գործունեության ոլորտները՝ դուրս գալով բջջային եւ ֆիքսված ծառայությունների շրջանակներից դեպի ավելի նոր՝ ամպային, մեծ տվյալների (Big Data), ֆինանսական եւ բանկային ծառայությունների, իրերի ինտերնետի (IoT), համակարգերի ինտեգրման եւ այլ բնագավառներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող կորպորատիվ ամպային ծառայությունները մեծ, փոքր եւ միջին ընկերություններին թույլ են տալիս ստեղծել, կատարելագործել եւ իրականացնել ծրագրեր՝ շարունակական արդիականացում պահանջող ենթակառուցվածքներ ստեղծելու փոխարեն բարելավելով սեփական գործարար դիրքերը: Ակնհայտ տնտեսական խնայողությունները, ինչպես նաեւ ամպային կառավարման ճկունությունն ու պարզությունը, որոնք առաջարկում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, մեծապես կօգնեն ձեռնարկություններին ձեռք բերել մրցակցային առավելություններ եւ բարձրացնել արդյունավետությունը»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: