15:22 | 10.10.18 | Նորություններ | 13090
Summer Business School-ի երկու տարվա սաներն այցելել են Հայաստանում Beeline-ի վարչական գրասենյակ։
Նախագծի 2017 եւ 2018 թթ. դասընթացների մասնակիցները շրջել են ընկերության Open Space գրասենյակներով, ծանոթացել PR, մարքեթինքի եւ այլ ծառայությունների աշխատանքին, ինչպես նաեւ հանդիպել Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։
14-18 տարեկան երիտասարդներին ընկերության ղեկավարը ներկայացրել է ռազմավարական որոշումների ընդունման հիմնական գաղտնիքները եւ կիսվել կարեւոր որոշումներ ընդունելու սեփական փորձով։
«Այս դասընթացի մասնակիցները գտնվում են հենց այն տարիքում, երբ մարդիկ ընդունում են իրենց կյանքի կարեւորագույն որոշումներից մեկը՝ այն է կատարել մասնագիտության ընտրություն։ Հուսով եմ, այս հանդիպումը նրանց որոշ չափով կօգնի ճիշտ գնահատել իրավիճակը եւ լավ ընտրություն կատարել ապագայի համար»,- նշել է Անդրեյ Պյատախինը։
Summer Business School-ը ստեղծվել է 2017թ. Slice Consulting ընկերության կողմից։ Նպատակն է դպրոցականների մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձեւավորումը։ Գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում այդ ընկերությունների ղեկավարների եւ աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։
Մասնակիցների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ քաղաքից դուրս՝ ճամբարի ձեւաչափով, ինչից հետո մասնակիցները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։