12:44 | 10.10.18 | Նորություններ | 3934
Այսօր Երեւանում մեկնարկել է Հայկական Ինտերնետ կառավարման (ArmIGF) 4-րդ համաժողովը:
Ամենամյա համաժողովը կազմակերպվում է «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ:
Համաժողովի հովանավորներից RIPE NCC-ի՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Վահան Հովսեփյանն Itel.am-ին ասել է, որ ֆորումը քննարկումների եւ համագործակցության բաց հարթակ է բոլոր կողմերի համար:
«Տարեցտարի ինտերնետ կառավարման խնդիրն ավելի արդիական է դառնում, քանի որ այն ավելի ու ավելի խորն է մտնում մեր առօրյա: Հայաստանում վերջին զարգացումները ցույց տվեցին, թե որքան կարեւոր է ինտերնետի դերը, քանի որ որոշ դեպքերում այն կարող է անգամ հեղափոխության իրականացմանը նպաստել: Ինտերնետն այլեւս լուրջ գործիք է, որը կարելի է կիրառել ամենուր՝ տնտեսությունից մինչեւ սոցիալական կյանք»,- ընդգծել է Վահան Հովսեփյանը:
RIPE NCC-ի արտաքին կապերի տնօրեն Քրիս Բաքրիջը ArmIGF-ի շրջանակում քննարկվող հարցերից առանձնացրել է երկուսը:
«Օրինակ, GDPR-ն այնպիսի թեմա է, որն ազդում է բազմաթիվ երկրների վրա, եւ խոսքը ոչ միայն ԵՄ երկրներին է վերաբերում: Այդ հնարավոր ազդեցության մասին ինտերնետ կառավարման մասնագետները խոսում էին բավական երկար ժամանակ: Շատ բարդ է մեկ երկրում կարգավորումներ իրականացնել, որոնք չեն ազդում այլ երկրների վրա: Մեկ այլ հետաքրքիր թեմա է ինտերնետի ենթակառուցվածքների զարգացումը՝ հատկապես գյուղական վայրերում»,- նշել է Քրիս Բաքրիջը:
Համաժողովի ընթացքում ընթանում են քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ բլոկչեյն, թվային գովազդ, ազգային այբուբենով դոմենային անուններ, իրերի ինտերնետ (IoT), առցանց հայաբովանդակ կրթություն, ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (GDPR), արհեստական բանականություն եւ այլն: