17:21 | 04.10.18 | Նորություններ | 14986

Beeline-ի աջակցությամբ աշակերտները կծանոթանան արեւային էներգիայի տեխնոլոգիաներին

Beeline-ի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արեւի էներգիայի կուտակման եւ օգտագործման տեխնոլոգիաներին։

Այս դասերը կազմակերպվում եւ անցկացվում են «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում արեգակնային տաքացուցիչ սարքի կիրառմամբ:

Արտաուսումնական մասնագիտական կողմնորոշման ծրագրին մասնակցում են հիմնականում 9-րդ դասարանի աշակերտներ եւ իրենց ֆիզիկայի ուսուցիչները։ Ծրագրի նպատակն է օգնել աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում եւ հետաքրքրություն առաջացնել ինժեներինգի նկատմամբ։

«Ներկայիս արագ փոփոխվող տնտեսությունների շրջանում իրենց զարգացումը կարող են ապահովել այն երկրները, որտեղ աշխատուժն արագ է տեղեկանում աշխատաշուկայի պահանջներին եւ դրան համապատասխան ստանում կրթական համակարգից անհրաժեշտ արձագանք: Մեր ծրագիրը նպատակ ունի նվազեցնել ժամանակի ավելորդ կորուստներն երիտասարդների կարիերայի պլանավորման եւ ուսուցման գործընթացներում: Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Beeline-ին եւ Անդրեյ Պյատախինին մեր արդյունավետ համագործակցության համար»,- ընդգծել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։

«Մենք որպես Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը շատ լավ ենք գիտակցում պատրաստված կադրերի անհրաժեշտությունը եւ տեխնիկական մասնագիտությունների կարեւորությունը: Այդ իսկ պատճառով ամեն բան անում ենք, որպեսզի արդեն դպրոցից երիտասարդները ծանոթանան նոր տեխնոլոգիաներին եւ հետաքրքրվեն այս ոլորտով։ Մենք խիստ շահագրգռված ենք այս ծրագրի հաջողությամբ եւ վստահ ենք, որ այն օգտակար կլինի թե՛ մասնակիցների, թե՛ Հայաստանի հասարակության համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի եւ ՀԳՀՄ-ի համատեղ ծրագրի շրջանակում շուրջ 340 դպրոցականներ եւ իրենց դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները ստանում են տեղեկատվություն ՀՀ-ում ՏՏ եւ ինժեներինգ ոլորտների զարգացման միտումների եւ կարիերայի պլանավորման վերաբերյալ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում դպրոցականներին այցելել նշված ոլորտների կազմակերպություններ, մասնավորապես՝ Beeline: