12:49 | 02.10.18 | Նորություններ | 14124
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են համագործակցությունը՝ էկոգյուղերի ցանցի զարգացման ուղղությամբ:
Ծրագրի թիրախում Հայաստանի հեռավոր գյուղերն են: Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով: Ներդրվում են էներգախնայող համակարգեր, որոնց գործարկումը շահավետ է մի քանի առումով. թեթեւանում է համայնքի ֆինանսական բեռը, համադրվում են բնապահպանական եւ բնական ռեսուրսների կայուն օգտագործման բաղադրիչները, ստեղծվում է մաքուր շրջակա միջավայր:
«Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչներն արդեն հասցրել են զգալ համակարգի արդյունավետությունը: LED եւ սովորական լուսարձակների սպառած էներգիան համեմատել է նաեւ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը՝ արձանագրելով եւ՛ սպառած էներգիայի, եւ՛ ֆինանսական միջոցների խնայողություն: Արտաքին լուսավորության ժամանակակից լուծումը, գործակցող կողմերի շնորհիվ, այս գյուղ է մտել նախորդ ձմռանը: 2017թ. լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ»,- նշել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում:
Ծրագրի շարունակությամբ ընթացքում են երկրորդական փողոցների լուսավորության աշխատանքները: Անհրաժեշտ չափագրումներից եւ հողային աշխատանքներից հետո տեղակայվում են հենասյուները: Արտաքին լուսավորությունը նաեւ վայրի կենդանիներից պաշտպանվելու հնարավորություն է ընձեռել: Մինչեւ տարեվերջ գյուղում կավարտվի ծրագրի երկրորդ փուլը: