11:22 | 26.09.18 | Նորություններ | 8314
Սեպտեմբերի 23-ին՝ Էրեբունի-Երեւանի տոնակատարություններին ընդառաջ եւ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, պաշտոնապես բացվել է «Ռուսական արվեստի թանգարանը եւ նրա ճարտարապետական միջավայրը» խորագրով ցուցահանդեսը` նվիրված «Կասկադ» պուրակի պատմությանը։
Ռուսական արվեստի թանգարանի այցելուների համար այն բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 1-ը։
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են Ռուսական արվեստի թանգարանը շրջապատող ճարտարապետական միջավայրի, «Կասկադի» պուրակի պատմությունը պատկերող 1960-1990-ական թթ. բացառիկ լուսանկարներ, ինչպես նաեւ շենքերի էսքիզներ եւ նախագծեր, որոնք մինչ այս երբեւէ չեն ամփոփվել միասնական ցուցադրությունում։
Միջոցառումը նվիրված է Էրեբունի-Երեւանի 2800-ամյակին եւ հոկտեմբեր ամսին նախատեսվում է կազմակերպել ցուցանմուշների նաեւ մարզային շրջիկ ցուցադրություններ։
«Ռուսական արվեստի թանգարանը, հավատարիմ մնալով իր ռազմավարությանը, համագործակցում է տարբեր թանգարանների եւ մասնավոր կառույցների հետ՝ հանրությանը ներկայանալով յուրահատուկ նախագծերով։ Այս ցուցադրությունը նման համագործակցություններից մեկն է եւ շնորհիվ բոլոր գործընկերների մեզ հաջողվեց ներկայացնել մեր քաղաքի ամենասիրված հատվածներից մեկի պատմությունն ու զարգացումը»,- նշել է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային արխիվը եւ «Մեդիամաքս» ընկերությունը։ «Ռոստելեկոմ»-ի ներդրումն ապահովել է նախագծի ցուցադրության իրականացումը։
«Սա յուրահատուկ նախաձեռնություն է եւ հնարավորություն է տալիս ցուցադրելու այնպիսի արխիվային նյութեր, որոնք մինչ այժմ հասանելի չեն եղել հանրությանը եւ որոնք ամբողջական ներկայացնում են մշակութային միջավայրի ձեւավորումն ու զարգացումը մի քանի տասնամյակների ընթացքում։ «Ռոստելեկոմ»-ը կարեւորում է նման նախագծերի իրականացումը, քանի որ դրանով իսկ հնարավորություն է ստեղծվում եւս մեկ անգամ խոսելու հայկական հարուստ մշակութային արժեքների մասին եւ ներկայացնելու ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա այցելուներին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վասիլի Ռուսակովը։
Ծրագրի շրջանակում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00 կանցկացվի նաեւ «Ռուսական արվեստի թանգարանը եւ նրա ճարտարապետական միջավայրը» թեմայով դասախոսություն, որը կվարի ճարտարապետության թեկնածու՝ Անուշ Տեր-Մինասյանը։