17:15 | 30.07.18 | Նորություններ | 4836

Կապի խոշոր օպերատորներն ավելացրել են հարկերը

ՀՀ կապի երեք օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Beeline-ը եւ Ucom-ը, 2018թ. հունվար-հունիս ամիսներին, ընդհանուր առմամբ, պետական բյուջե են վճարել 13,3 մլրդ դրամի հարկ, ինչը 10,9%-ով գերազանցում է անցած տարվա նույն ամիսների ցուցանիշին:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է (նախկինում՝ «Ղ-Տելեկոմ»), որը, ինչպես եւ նախորդ տարվա նույն կիսամյակում, զբաղեցնում է ցուցակի 11-րդ տեղը: Ընկերությունը 2018թ. հունվար-հունիս ամիսներին պետբյուջե է վճարել 5,6 մլրդ դրամի հարկ, ինչը 20,9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ընկերությունն է (նախկինում՝ «Արմենիա տելեֆոն կոմպանի»)՝ 3,9 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 13,4%-ով, ինչը նրան ընդհանուր հարկատուների ցուցակում 12-րդից դարձրել է 17-րդը:

Խոշորագույն հարկատուների ցուցակում է նաեւ «Յուքոմ» ընկերությունը (18-րդ), որն, ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 3,8 մլրդ դրամ հարկ, ինչը 32,4%-ով գերազանցում է 2017թ. առաջին կիսամյակի ցուցանիշը:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (126-րդ տեղ, 645,6 մլն դրամ, աճ՝ 2,2 անգամ):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2018թ. հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 446,6 մլրդ դրամի հարկ, ինչը շուրջ 18%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: