14:34 | 30.07.18 | Նորություններ | 10099

    Միջազգային մենթորների թիմն աշխատել է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի մասնակիցների հետ

    Հուլիսի 22-29-ը կայացած «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի շրջանակում միջազգային մենթորների 26-հոգանոց խումբը խորհրդատվություն է տրամադրել մասնակից ստարտափներին:  

    «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի օգնությամբ մենթորների խումբը ստարտափների հետ 160-ից ավելի դեմ առ դեմ հանդիպում է ունեցել:

    Ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերի խոսքով՝ արդեն երկրորդ տարին են աջակցում համաժողովի կազմակերպմանը:

    «Այսպիսով օգնում ենք երիտասարդ ընկերություններին, ներդրողներին, գործընկերներին եւ մենթորներին համախմբվել մեկ վայրում: Այս միջոցառման ընթացքում Սեւանը գլոբալ կենտրոն դարձավ եւ, կարծում եմ, ամենալավը դեռ առջեւում է: Հայկական ստարտափներն իսկապես լավ ապագա ունեն»,- նշել է Եվա Նահերը:

    Մենթորների թիմի ղեկավար Չուս Լոզանոն էլ հավելել է, որ մեկ շաբաթվա ընթացքում մասնակից ստարտափներին տրամադրել են գիտելիք եւ կիսվել սեփական փորձով:

    «Ստարտափների մեծ մասը սամմիթ է գալիս գաղափարներով եւ կարիք ունի գաղափարը հաստատել եւ վերածել բիզնեսի: Այս ընթացքում խոսել ենք միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությունների մասին»,- նշել է նա:


    Չուս Լոզանոն կարեւորել է այն հանգամանքը, որ այս տարի համաժողովին մասնակցող ստարտափների 40 տոկոսը եղել է արտերկրից:

    «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի կազմակերպիչներից է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

    «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս: