10:39 | 27.04.17 | Հարցազրույցներ | exclusive 148298

Լորան Սիգնորետ. ՀՀ-ում մտահոգիչ է ցանցահենության բարձր մակարդակը

Ապրիլի 26-ին աշխարհում նշում են Մտավոր սեփականության համաշխարհային օրը, որի շրջանակում Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Ամերիկայի առեւտրի պալատի եւ «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի ջանքերով կազմակերպվել էր Մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկում:

Itel.am-ը զրուցել է կոնֆերանսին մասնակցելու համար Հայաստան ժամանած Microsoft-ի՝ Եվրոպայի, Միջին Ասիայի եւ Աֆրիկայի Մտավոր սեփականության պաշտպանության տնօրեն Լորան Սիգնորետի հետ:

«Աշխարհի թվայնացումը խոշոր հնարավորություն է, եւ միաժամանակ՝ խոշոր մարտահրավեր: Քանի որ օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են թվային սարքեր օգտագործում, ապա ավելանում է նաեւ կիբերհարձակումների թիվը: Այսօր աշխարհում գումարի 93%-ը թվային է: Այնպես որ, իհարկե, հանցագործները կգնան այնտեղ, որտեղ փողն է: Հայաստանում ինձ մի փոքր մտահոգում է այն, որ ցանցահենության մակարդակը 86% է, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Այս խնդիրները լուծելու համար հարկավոր է պետական եւ մասնավոր հատվածների (կորպորոցիաներ, ստարտափներ) միջեւ համագործակցության հաստատում»,- նշել է Մայքրոսոֆթի ներկայացուցիչը:

Լորան Սիգնորետը տեսակետ է հայտնել, որ մտավոր սեփականության պաշտպանությունը սերտորեն կապված է պետության ներդրումային գրավչության հետ:

«Երկրները մրցում են միմյանց հետ՝ ներդրողներ ներգրավելու համար: Իսկ ներդրողի համար կարեւոր է տեսնել, որ մտավոր սեփականությունը տվյալ երկրում պաշտպանված է, այդպես իրեն ավելի լավ կզգա ներդրում կատարելիս: Բացի այդ, երիտասարդ կրթված հայերը կարող են այստեղ բիզնես սկսել, իսկ եթե մտավոր սեփականությունը պաշտպանված չէ, նրանք հնարավոր է՝ հեռանան երկրից: Ափսոս է տեսնել, թե ինչպես են լավագույնները լքում երկիրը: Եթե ցանկանում եք, որ այլ մարդիկ հարգեն ձեր մտավոր սեփականությունը, հարգե՛ք նաեւ նրանց մտավոր սեփականությունը»,- շեշտել է նա:

Լորան Սիգնորետը նաեւ կոչ է արել օրենսդիրներին «չվախենալ «վատ տղաներին» հետապնդելուց, իսկ կրթությունը եւ պատժելիությունը դարձնել լավ սովորություն»:  

Նարինե Դանեղյան