13:41 | 13.06.16 | Նորություններ | 2707

Ավարտվել է հայկական պատվիրակության այցը Սիլիկոնյան հովիտ

Հունիսի 10-ին Սիլիկոնյան հովտում կայացել է «Հայաստան. ՏՏ ֆորում»-ը (Armenia IT Forum), որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները եւ դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում:

Ֆորումի շրջանակում քննարկված թեմաներից են միջազգային համագործակցության խթանումը եւ ներդրումների ներգրավումը, ոլորտի մասնագետների միջեւ համագործակցության կայացմանը նպաստումը:

Ֆորումի կազմակերպիչ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում նշել են, որ միջոցառման շրջանակում ամփոփվել են նաեւ Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքները:

«Հայաստան. ՏՏ ֆորում»-ի շրջանակում հայկական պատվիրակությունը «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանի ուղեցկությամբ շրջայց է կատարել ընկերությունում, նաեւ այցելել Intel եւ Nvidia ընկերություններ: 

Հունիսի 9-ին հայաստանյան պատվիրակությունն այցելել էր IBM R&D կենտրոն, իսկ հունիսի 10-ին՝ Reddit-ի կենտրոնական գրասենյակ:

«Հայաստան. ՏՏ ֆորում»-ն իրականացվում է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից` ‹‹Ձեռներեցության զարգացման եւ ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի եւ ‹‹Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն են` ‹‹Մայքրոսոֆթ», ‹‹ԱյԲիԷմ», ‹‹ՊիկսԱրթ», ‹‹Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ ՏՀՏ գործատուների միությունը: