Հեռուստալրագրող եւ ձեռնարկատեր Լարա Սեդրակյանը
13:42 | 14.01.16 | Հարցազրույցներ | exclusive 62322
Հեռուստալրագրող եւ ձեռնարկատեր Լարա Սեդրակյանը News Deeply մեդիա եւ տեխնոլոգիական հարթակի համահիմնադիրն է:
News Deeply-ն հարթակ է, որտեղ կոնկրետ թեմայի շուրջ հավաքվում է համապարփակ տեղեկատվություն, որն էլ օգտագործվում է խոշոր մեդիա ընկերությունների եւ լրատվամիջոցների կողմից: Այն «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերության կողմից ֆինանսավորում ստացած ընկերություններից է, ինչպես նաեւ հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), ՀԲ-ի եւ կառավարության կողմից իրականացված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում:
Լարա Սեդրակյանը 5 տարի որպես լրագրող աշխատել է Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ ABC News-ում, Bloomberg Television-ում, the International Herald Tribune-ում, Business Insider-ում: Marie Claire ամսագրի կողմից էլ 2012-ին ճանաչվել է «Տարվա Թոփ կանանցից» մեկը:
Itel.am-ը զրուցել է Հոնկոնգում բնակվող Լարա Սեդրակյանի հետ՝ նրա ձեռնարկատիրական գործունեության, ինչպես նաեւ Հայաստանում տեխնոլոգիական ստարտափ միտումների մասին:
-News Deeply-ն Հայաստանից դուրս գործունեություն ծավալող ամենահայտնի հայկական ստարտափներից մեկն է: Ինչպիսի՞ն է դրա հաջողության պատմությունը:
- News Deeply-ի պատմությունը սկսվեց որպես «լրագրողական նվիրվածության քայլ»: Ես աշխատում էի Դուբայում որպես ABC News-ի եւ Bloomberg TV-ի թղթակից եւ լուսաբանում Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձությունները: Այդ ժամանակ նկատեցի, որ մեր մեդիա համակարգերը խնդիրներ ունեն, երբ խոսքը վերաբերում է միաժամանակ հայտնվող տարբեր պատմություններին: Մենք ապրում ենք բարդ աշխարհում, եւ շատ դժվար է հասցնել տեղի ունեցողի հետեւից:
2011թ. «Արաբական գարնան» իրադարձությունների ընթացքում նկատեցի, որ ԶԼՄ-ներն անկարող են լուսաբանել այն բոլոր կարեւոր պատմությունները, որոնք տեղի էին ունենում միաժամանակ:
Մասնավորապես պատմություններից մեկը՝ Սիրիայի պատմությունը, լիովին մոռացվել էր: Ամբողջ ուշադրությունն այն ժամանակ կենտրոնացած էր Եգիպտոսի եւ Լիբիայի վրա: Իսկ Սիրիան ինձ համար շատ հոգեհարազատ երկիր է՝ կապված թե ընտանիքիս եւ պատմական արմատների, թե դեպի սիրիացի ժողովուրդը մեծ երախտիքի հետ՝ ժամանակին մեզ ապաստան տրամադրելու համար: Ցանկացա լուսաբանել այդ պատմութունը, քանի որ չէի ցանկանում այն աչքաթող անել: Ստեղծեցի հարթակ՝ Syria Deeply-ն:
Հարթակի հաջողությունը սկիզբ դարձավ շատ այլ գաղափարների՝ կապված նրա հետ, թե ինչպես առնչվել միջազգային նորությունների նոր մոդելի հետ: Դրանից հետո մենք ընդլայնվեցինք՝ դառնալով 5 տարբեր հարթակներ, որոնք ավելի շատ պատմություններ են պատմում:
-Զարգացման շրջանում ի՞նչ հիմնական սխալներ եք գործել:
-Գործածս ամենամեծ սխալն այն էր, որ ժամանակ առ ժամանակ վախենում էի օգնություն խնդրել: Միշտ չէ, որ ունեի խորհուրդ հարցնելու խիզախություն կամ ժամանակ, եւ դա այն դեպքում, երբ շատերն էին ցանկանում օգնել մեզ, մարդիկ, որոնք նախկինում ստարտափի հետ աշխատելու փորձ ունեին կամ կարող էին օգնել բիզնես սկսելու հարցում:
Որպես առաջին քայլեր անող CEO՝ ինձ իսկապես պետք էր նրանց օգնությունը:
Աստիճանաբար սկսեցի ավելի շատ ժամանակ տրամադրել նրանցից խորհուրդներ հարցնելուն: Կարեւոր է հետեւյալը՝ քանի դեռ քաղաքավարի կերպով հարցնում եք եւ շնորհակալ եք, որ նրանք ձեզ ժամանակ են տրամադրում, շատերն են ցանկանում օգնության ձեռք մեկնել:
-Ձեր նոր նախագիծը Refugees Deeply-ն է: Ինչպե՞ս է այն լուծելու փախստականների խնդիրները:
- Refugees Deeply-ն կսկսի գործել 2016թ. առաջին եռամսյակում՝ կենտրոնանալով միգրացիայի գլոբալ խնդիրների վրա: Կպատմենք շատ պատմություններ այն մարդկանց մասին, որոնք երբեւէ ապրել են փախստական լինելու զգացումը:
Ամբողջ աշխարհում կա 60 մլն փախստական: Սա շատ ավելին է, քան շատ երկրների ազգաբնակչությունը: Մենք ցանկանում ենք ստեղծել հետեւողական պատկեր այն բանի, ինչի միջով անցնում են այդ մարդիկ:
Նշեմ նաեւ, որ ներկայում ընդլայնում ենք մեր տեխնոլոգիական հարթակը եւ թարմացնում հաճախորդների ներգրավման ռազմավարությունները:
-Որքանո՞վ է Հայաստանը մասնակցում ձեր նախաձեռնությունների մշակմանը:
-Ներկայում Հայաստանում ունենք ֆանտաստիկ թիմ, որի կազմում են Արփինե Գրիգորյանը, Լիանա Ավետյանը եւ Նարինե Օհանյանը: Ընդլայնելու ենք թիմը, ինչպես նաեւ փորձելու ենք Հայաստանն ավելի մեծ չափով ներգրավել մեր պրոդուկտների զարգացման գործում: Ուրախ ենք միանալ Երեւանում գործող ImpactHub-ին եւ հանդես գալ որպես նրանց գրասենյակում գործող ստարտափ:
-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է հնարավոր ստարտափը վերածել հաջողակ բիզնեսի:
-Ամենակարեւորը կազմակերպված եւ աշխատասեր լինելն է, որպեսզի կարողանաս լավ գաղափարը վերցնել եւ այն իրականություն դարձնել: Սա ներառում է թիմին կառավարելու համար համակարգերի ստեղծում եւ շուկայի մասին ձեր ունեցած բոլոր վարկածների փորձարկում:
Կարեւոր է նաեւ կարողանալ կանոնավոր կերպով հարմարվել այն ամենին, ինչը սովորել եք ընթացքում: Օգտատերերի եւ հաճախորդների հետադարձ կապը եւս չափազանց կարեւոր է:
-Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, Հայաստանի ստարտափ էկոհամակարգը:
-Կարծում եմ՝ հայաստանյան ստարտափ էկոհամակարգը լի է պայծառ դեմքերով եւ գաղափարներով: Սա իսկապես մի ժամանակ է, երբ տաղանդավոր մարդիկ կարող են փայլել եւ հաջողության հասնել, եւ կապ չունի, թե աշխարհի որ մասում են գտնվում: Հայաստանը սրանից մեծապես կշահի:
Այո, ճանապարհին կլինեն մարտահրավերներ եւ խոչընդոտներ: Բայց մենք Սիլիկոնյան հովտից մի կարեւոր բան ենք սովորել՝ ձախողումը վատ բան չէ: Այն իրականում կարող է շատ ավելի դրական ազդեցություն ունենալ, եթե քո սխալների արդյունքում աճես:
Կարծում եմ՝ հայկական ստարտափների համար գլխավոր մարտահրավերը կլինի մուտքը, մարքեթինգը եւ վաճառքը գլոբալ շուկաներում: Հայկական ստարտափները հաճախ կարիք կունենան կառուցելու գլոբալ հաճախորդային բազա: Դա անելու լավագույն ձեւը խորհրդատուներ (հատկապես Սփյուռքից) գտնելն է, որոնք կկարողանան կողմնորոշել, թե ինչպես աշխատել հաճախորդների հետ վերջիններիս թիրախային շուկայում կամ տարածաշրջանում: Գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր կցանկանան խորհուրդներ տալ:
-Ո՞րը կլինի Ձեր խորհուրդը հայկական ստարտափներին, որոնք դեռ առաջին քայլերն են անում:
-Խորհուրդ կտամ կենտրոնանալ առաջադրանքի վրա: Փորձեք լավագույնս օգտագործել ձեր ժամանակը եւ էներգիան: Փորձեք հնարավորինս առողջ սնվել եւ մարզվել, սա թւյլ կտա ավելի շատ էներգիա ունենալ եւ ձեռնարկատեր դառնալու ճանապարհին ավելի ճկուն լինել: Եվ մի մոռացեք խորհուրդ հարցնելու մասին: Եթե քաղաքավարի կերպով դիմեք այդ մարդկանց, ապա նրանք կմիանան ձեր ցանցին եւ կմեծացնեն այն՝ աջակցելով ձեզ հաջողության հասնելու ճանապարհին:
Լարա Սեդրակյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը