Ստարտափների գործարկման #tceh հարթակը վերջերս հանդիպում էր կազմակերպել ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ՏՏ ձեռնարկատեր Դավիթ Յանի հետ, որը ներկայացրել էր լարված աշխատանքից հետո հանգստանալու իր տարբերակները:
Itel.am-ը ներկայացնում է հատվածներ The Village պարբերականի հոդվածից:
Ինչպես ամեն ինչ հասցնել
Հաշվել եմ՝ շաբաթվա ընթացքում ունենում եմ 70-75 աշխատանքային ժամ, որից 40-ը տրամադրում եմ մի նախագծի, 20-ը՝ մեկ այլ նախագծի, իսկ մնացածը՝ մյուս բոլոր նախագծերին: Ամեն դեպքում, եթե դու զբաղվում ես մի քանի նախագծերով, ապա ամեն ինչ լավ կարելի է անել միայն ուժեղ թիմ ունենալու դեպքում:
Այս պարագայում էլ կինս հանցակից է, մենք միասին ենք պատասխանում իմ նամակներին։ Իրականում եթե նա չլիներ, այս ամենի նույնիսկ կեսը չէր ստացվի։ Մենք միասին ենք հիմնադրել ABBYY ընկերությունը: Նա մեր ընկերության առաջին աշխատակիցներից էր, այնուհետ շատ արագ զբաղեցրեց բիզնեսի զարգացման գծով փոխնախագահի պաշտոնը, հետագայում միասին զբաղվեցինք Cybiko գրպանի համակարգչի ստեղծմամբ, իսկ ավելի ուշ տեղափոխվեցինք Չիկագո: Ներկայում նա հիմնականում երեխաներով է զբաղվում եւ օգնում է օրական շուրջ 300 նամակի պատասխանել։
Ինչպես հանգստանալ
Վերջերս ընկերներիցս մեկն ինձ առաջարկեց լսել Բախի Ռե մինոր դաշնամուրային կոնցերտը։ Ես առաջարկում եմ պարզապես գտնել 40 րոպե, անջատել հեռախոսը եւ լսել այդ կոնցերտը: Ֆանտաստիկ գործ է, որը թույլ է տալիս նոր ուժեր հավաքել։
Իսկ եթե խնդրին մյուս կողմից անդրադառնամ, ապա կարող եմ ասել, որ, իհարկե, հողը ոտքերիդ տակ սկսում ես զգալ հարազատներիդ շնորհիվ։ Դժվար պահերին, երբ չես քնում։ Պատահել է, երբ ես մեկ ամսվա ընթացքում քնել եմ օրական երկու ժամ, որի արդյունքում պատրանքներ էի տեսնում, օդանավակայանում հարթմնի երազ էի տեսնում եւ մի անգամ քիչ էր մնում՝ բախվեի սյանը։ Ես ուշացա չվերթից, քնեցի անմիջապես գրանցման սեղանի մոտ։ Բարդ, շատ բարդ է լինում կյանքում, բայց ընտանիքդ, մտերիմներդ եւ ընկերներդ են, որ թույլ չեն տալիս քեզ լիովին հուսահատվել:
Կարեւորը թիմիդ մնացած անդամների, ներդրողների եւ պատվիրատուների առջեւ պատասխանատվության զգացումդ է:
Ինչպես սովորել գլոբալ մտածել
Ինձ թվում է, որ Ռուսաստանի գլխավոր խնդիրներից մեկը մեկուսացումն է, որում հայտնվում է երկիրը, ինչպես նաեւ մեկուսացումը, որն առկա է շատ մարդկանց գլուխներում: Իրականում դա մեծ խնդիր է։ Մարդիկ պետք է բաց լինեն նոր տեխնոլոգիաների, նոր մշակույթների համար, նրանք պետք է ճամփորդեն, անչափ կարեւոր է շատ ժամանակ անցկացնել այլ հասարակություններում, օրինակ ստարտափ միջավայրներում, հանդիպել, շփվել, ծանոթանալ, ձեռք սեղմել:
Մարդ սկսում է ավելի արագ շարժվել, նրա մտքերն այն մասին են, թե ինչպես կառուցել բիզնեսը, ում հետ համագործակցել, ում հետ չհամագործակցել. մտահաղացումներն արագացում են ստանում ոչ թե մի քանի, այլ մի քանի տասնյակ անգամ ավելի արագ։
Մենք մեր շատ նախագծերում չենք ստացել զարգացման անհրաժեշտ արագությունը, որովհետեւ նստած էինք Մոսկվայում։ Մտածում էինք, որ ամենախելացին ենք, որ մեր գիտնականներն ամենալավն են, ինչ-որ տեղ դա այդպես էլ կա, սակայն քիչ շփումը մարդկանց հետ, որոնք ավելի հասարակ են մտածում տեխնոլոգիաների մասին, բայց ավելի մոտ են շուկայական իրականությանը, փոխում է ուժերի հարաբերակցությունը։ Դրա համար ինձ թվում է, որ պետք չէ տարբերակել ռուսական է բիզնեսը, թե ռուսական չէ, պետք է խոսել համաշխարհային բիզնեսի մասին։
Իրականում կան շատ լավ, շատ-շատ լավ տղաներ, շատ ուժեղ թիմեր։ Նույն Հրաչիկ Աջամյանի Wakie թիմը, որն այստեղ պարզապես ցնցեց բոլորին, հիանալի նախագիծ է։ Բացարձակ ինքնուրույն է եւ աշխարհում նմանը չունի: Հիմա նրանք ԱՄՆ-ում են նախագիծ սկսել, այնքան ուժեղ եւ էներգետիկ թիմ է, որ վստահ եմ՝ հաջողության կհասնեն։