11:02 | 18.07.18 | Նորություններ | 14987

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ տուն է կառուցվում Գյումրիում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Գյումրիում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքի նոր՝ 4 սենյականոց տան կառուցման ավարտին հաշված օրեր են մնացել:

Գործընկեր կառույցների կամավորների ջանքերով, մեկ-երկու ամսից Հովհաննիսյանները կտեղափոխվեն նոր տուն: Կամավորներն օգնել են նաեւ կատարել մայթերի բետոնապատման աշխատանքներ:

«Դժվարություններ հաղթահարելն ավելի բարդ է, քան դրա անհրաժեշտության մասին խոսելը: Կարծում եմ, որ նորություն չեմ ասում եւ շատերը գիտեն այդ ամենի մասին: Սակայն, երբ անհրաժեշտ է լինում անցնել փորձությունների միջով, իրավիճակը բացահայտում է, թե ով ինչպես է արձագանքում խնդիրներին: Շատ կարեւոր է՝ խնդիրների լուծման ճանապարհն անցնել արժանապատիվ եւ չկորցնել կամքն ու վճռականությունը: Հավանաբար սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս ընտանիքին դա հաջողվել է: Տրտնջալու եւ հարմարվելու փոխարեն, նրանք ընտրել են ստեղծելու, ձգտելու ճանապարհը: Մենք՝ կամավորներս, ուրախությամբ միացել ենք ընտանիքին, օր առաջ նրանց երազանքն իրականություն դարձնելու համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ աշխատում ենք Հայաստանի ամբողջ տարածքում: Շիրակի մարզում յոթ տուն ենք կառուցել, որից մեկը սա է՝ Գյումրիում: Զարմանալի է, թե երկրաշարժից հետո, 30 տարի տնակում ապրելով, ընտանիքը հոգու ինչ տոկունություն է ունեցել: Դրա պարգեւատրումն այս արդյունքն է. ուրախ ենք արձանագրել, որ հերթական ընտանիքը վերջապես, բարեկարգ տուն կունենա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը:

«Չորս տարի առաջ փորձեցինք քարը քարին դնել, բայց չկարողացանք կիսակառույցը տուն դարձնել: Անգամ ինքնաշեն դոմիկին փորձեցինք տան տեսք տալ, սակայն, միեւնույն է, այն դոմիկ մնաց՝ առանց տարրական պայմանների. նեղվածք՝ ինը հոգուց բաղկացած ընտանիքի համար: Այսօր ամեն ինչ այլ է. վերջին շտրիխներն են մնացել, որ տեղափոխվենք նոր տուն, եւ ես երախտապարտ եմ ձեզ՝ օգնության համար»,- պատմել է ընտանիքի հայրը՝ Մարտինը: