12:02 | 11.07.18 | Նորություններ | 11993

Dasaran-ը Հոնկոնգում ներկայացնում է իր մշակած լուծումները

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն այս օրերին Հոնկոնգում մասնակցում է նորարարական տեխնոլոգիաների RISE միջազգային կոնֆերանսին՝ ներկայացնելով կրթության ոլորտի հայաստանյան փորձն ու Dasaran-ի կողմից մշակված նորարարական լուծումները։

Dasaran կրթական ծրագիրը կիրառվում է Հայաստանի բնակչության մեկ երրորդի կողմից (1,107,346 գրանցված օգտատեր), նպաստելով Հայաստանում 12-ամյա կրթության արդյունավետության բարձրացման, մանկավարժների նորարարական գիտելիքներով վերազինման եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման՝ հիմք ստեղծելով տվյալահեն քաղաքականության մշակման համար:

Ծրագիրը նաեւ դպրոցներում մշակել է E-Stat առցանց վիճակագրական-վերլուծական գործիքը, որը հնարավորություն է տալիս դիտարկել հանրակրթական համակարգի բոլոր շերտերը եւ վերլուծել դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողականը, ինչպես նաեւ ժողովրդագրական տվյալների դինամիկան:

Dasaran կրթական ծրագիրը 2016թ. Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարարական ծրագրերից մեկը: