13:24 | 04.07.18 | Նորություններ | 28440
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարության անդամներն այսուհետ կաշխատեն նոր՝ հայկական արտադրության համակարգիչներով։
«Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է, ընդ որում՝ ոչ միայն ծրագրային ապահովման իմաստով, այլեւ՝ կոնկրետ արտադրանքի։ Սա մեր քաղաքական մոտեցումն է, եւ հույս ունենք, որ այս ուղերձը հստակ կընկալվի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ դրա սահմաններից դուրս»,- կառավարության նիստում ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ կառավարության շենքում նոր տեխնիկայով առայժմ ապահովված է միայն փոքր դահլիճը, մյուս հատվածներում վերազինման աշխատանքները դեռ ավարտված չեն:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ազգային ժողովում եւս նման փոփոխություն տեղի կունենա, եւ անհրաժեշտության դեպքում կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի։
«Մեր երկրի համար շատ կարեւոր է, որ Հայաստանի արտադրությունը զարգանա, եւ մենք մեր առօրյա գնումներում նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրողներին։ Դա թե՛ հաճելի է, թե՛ շահավետ, եւ, ի վերջո, մեծացնում է տեղական արտադրողների հնարավորությունները»,- նկատել է կառավարության ղեկավարը։