16:51 | 28.06.18 | Նորություններ | 14321
ՎիվաՍել-ՄՏՍ-ը VivaStart կրթական ծրագիրն իրականացնում է 2015-ից: Այն նպատակ ունի տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում:
VivaStart-ի 8-րդ խմբի 34 շրջանավարտներն այսօր ստացել են իրենց հավաստագրերը՝ փետրվար-ապրիլ ամիսներին պրակտիկան հաջողությամբ ավարտելու համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ, մինչեւ հավաստագրերի հանձնումը, VivaStart-ի շրջանավարտները մասնակցել են մրցույթի:
Ուսանողները բաժանվել են 4 թիմի, որոնցից յուրաքանչյուրը, կիրառելով SWOT-վերլուծության անցկացման մեթոդիկան, վերլուծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ծառայությունները: Թիմերի կողմից իրականացված վերլուծության 4 հիմնական ուղղություններն էին՝
1. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային եւ ինտերնետային ծառայությունները
2. My VivaCell-MTS բջջային հավելվածը
3. Բաժանորդների սպասարկումը
4. Բջջային հեռախոսների եւ սարքավորումների վաճառքը
Յուրաքանչյուր թիմ 7 րոպեի ընթացքում ներկայացրել է կատարած վերլուծությունների արդյունքները: Վերլուծության արդյունքները լավագույնս ներկայացրած մասնակիցը՝ Լիլիթ Ղազարյանը, ինչպես նաեւ թիմերի 4 ամենաակտիվ մասնակիցները՝ Արտաշես Ագարյանը, Սիրանուշ Կարապետյանը, Ռիմմա Գրիգորյանը եւ Հասմիկ Հարությունյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվել են շարժական լիցքավորիչներով:
Բոլոր շրջանավարտները հնարավորություն են ստացել մեկ ամիս անվճար օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վերջերս թողարկված X սակագնային պլանից:
«Արդեն 3-րդ տարին շարունակ մենք իրականացնում ենք «VivaStart» կրթական ծրագիրը, որի հիմքում ընկած մասնագիտական գիտելիքների եւ գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին հսկայական մասնագիտական ներուժ ու փորձ է տալիս՝ նրանց հետագա մասնագիտական զարգացման համար: Այսօր եւս մեկ անգամ ականատես եղանք այն փաստին, որ «VivaStart»-ի շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ոչ միայն ոլորտին առնչվող գիտելիքներ, այլեւ ձեւավորում են քննադատական մտածողություն եւ վերլուծական միտք: Ուստի զարմանալի չէ, որ ծրագրի շրջանավարտները մեծ պահանջարկ են վայելում թե՛ հեռահաղորդակցության ոլորտում, եւ թե՛ առհասարակ՝ աշխատաշուկայում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 218 ուսանող: Նրանցից 20-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում: