14:55 | 15.06.18 | Նորություններ | 5126

Menu.am-ը մտադիր է դադարեցնել գործունեությունը

Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանն այսօր հայտարարել է, որ ընկերությունը դադարեցնում է գործունեությունը:

«Menu.am-ը թափանցիկ ընկերություն է, որտեղ աշխատում է մոտ 100 աշխատակից եւ 250 առաքիչ: Մեր հետ աշխատող մոտ 500 ռեստորանները մեր հետ գործունեության արդյունքում լրացուցիչ 1000 աշխատատեղ են ստեղծել: Մենք վճարում ենք մոտ 15 մլն հարկ ամսական, իսկ մեր հետ աշխատող առաքիչները՝ եւս 5 մլն: Մենք ունենք մոտ 200 հզ ակտիվ հաճախորդ Հայաստանում:

Այսօր կառավարությունն իր 23-րդ որոշմամբ որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Դա նշանակում է, որ ռեստորանների համար Menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր եւ ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր:

Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են ռեստորաններն այժմ աշխատում մեր հետ. հուլիսի 1-ից առաքման եւ տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային Օրենսգրքի փոփոխությունը, որն այսօր չեղարկվեց, թույլ էր տալիս մեզ համոզել ռեստորաններին «դիմանալ, քանի որ օրենքը փոխվում էր դեպի լավը»: Որպեսզի շատ հստակ լինի, որեւէ հարկային բեռի փոփոխություն հենց Menu.am-ի մասով չի եղել եւ չէր էլ լինելու, մենք մեր հարկերը վճարել ենք ու կվճարենք. բոլոր փոփոխությունները վերաբերում են ռեստորանների հարկման ռեժիմին եւ մեր պայքարը առաքվող եւ տեղում սպառվող ուտելիքների անհավասար հարկային ռեժիմները չեղարկելուն է վերաբերվել»,- հայտնել է Վահան Քերոբյանը:

Նա նշել է, որ Menu.am-ի իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները եւ եթե պարզվի, որ ընկերությունն ունի միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա կդադարեցնի գործունեությունը Հայաստանում եւ գրասենյակը կտեղափոխի գործունեության այլ երկիր:

«Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում»,- գրել է Վահան Քերոբյանը:

Թեմայի վերաբերյալ ընկերությունն առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի: