17:20 | 12.06.18 | Նորություններ | 4793

Ռոբոտների 11-րդ առաջնությունն ընդունում է մասնակցության հայտեր

Մեկնարկում է Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը, որի շրջանակում կմրցեն արգելքներ հաղթահարող եւ լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտները:

Մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաեւ ներկայացնել հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո միտումներին մոտենալու ճանապարհները:

Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիները՝ ներկայացնելով իրենց ռոբոտների նկարագիրն ու գաղափարները: Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է: Եզրափակիչ փուլը կանցկացվի սեպտեմբերին:

Մրցույթի տեխնիկական առաջադրանքներն ու կանոնակարգը ներկայացված են այստեղ, իսկ գրանցման հայտը հասանելի է այստեղ:

Մասնակիցներն իրենց ստեղծած ռոբոտները կներկայացնեն ժյուրիի մասնագիտացված անդամներին, լավագույններն էլ կարժանանան դրամական պարգեւի՝ Ucom-ի եւ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարեւորել է ռոբոտաշինության մրցույթների անցկացումը, քանի որ դրանք, մի կողմից, երեխաների մոտ զարգացնում են մրցակցային ոգին, մյուս կողմից նոր հմտությունների ձեռքբերման առիթ հանդիսանում, ինչի շնորհիվ երեխաները միջազգային հարթակներում մրցունակ մասնագետներ են դառնում:

«Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն այն բոլոր նախագծերը, որոնք կապված են ինժեներական մտածողության, ծրագրավորման եւ ռոբոտաշինության հմտությունների զարգացման հետ։ Մեր խորին համոզմամբ հենց այսպիսի պատանիները կկարողանան լրացնել աշխարհի մակարդակով ՏՀՏ ոլորտում 3 մլն մասնագետների պահանջարկը», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ռոբոտաշինությունն ու ավտոմացման համակարգերի մշակումը կարող է դառնալ մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման հիմնաքարերից մեկը: Այս պատանիները վաղը փոխելու են մեր կյանքը»,- հավելել է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008-ից՝ ԻՏՁՄ-ի կողմից: