13:31 | 08.06.18 | Նորություններ | 4525

Հայկական ՏՏ ընկերության լուծումը կկիրառվի Տաջիկստանի պետական սեկտորում

Հայկական IU Networks ընկերության առաջարկած ծրագրային լուծումը հաղթող է ճանաչվել Տաջիկստանի պետական ծառայությունների էլեկտրոնային կառավարման անցումն ապահովող ծրագրի միջազգային մրցույթում:

Ընկերության առաջարկած լուծման շնորհիվ Տաջիկստանի բոլոր գերատեսչությունները եւ գործակալությունները կկարողանան տեղեկատվության փոխանակման բոլոր գործառույթներն իրականացնել ստանդարտավորված եղանակով՝ միեւնույն պլատֆորմի եւ պրոտոկոլների կիրառմամբ։

«ՏՀՏ համակարգերի ներդրման եւ սպասարկման այս մասշտաբի միջազգային մրցույթները բարդ ու երկարատեւ գործընթացներ են, եւ հպարտ եմ, որ կարողացանք միջազգային շուկա դուրս բերել մի վերջնական ծրագրային լուծում, որի մտահղացումը, ճարտարապետությունը, ծրագրավորումն ու իրականացումն ամբողջովին կատարվել է Հայաստանի Հանրապետությունում՝ հայաստանյան մասնագետների կողմից»,- նշել է IU Networks ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

Ընկերության ստեղծած ծրագրային լուծման շնորհիվ հայտատուն կամ տնտեսվարողը կկարողանան «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնել հայտերի հանձնման եւ թույլտվությունների ստացման բոլոր գործառույթները:

IU Networks ընկերությունը հիմնվել է 2008-ին: