Այսօր կայացել է ՏՏ ոլորտի ընկերությունների 2018թ. շախմատի ամենամյա մրցաշարի բացումը:
Մրցաշարին մասնակցում է 29 թիմ։
Բացմանը ներկա էր Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։
«Շատ ուրախ եմ, որ այս տարի ավելի շատ թիմեր են մասնակցում, եւ այս առումով, տարեցտարի առաջընթաց ենք նկատում։ Սա իսկապես տոն է, մտքի պայքար, բայց լավ միջավայրում, եւ այդպիսի տոները միայն կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում, իսկ մեզ՝ միասնական», - ասել է Լպուտյանը։
Նա նշել է, որ ՏՏ ոլորտը եւ շախմատը պետք է լինեն շատ սերտ համագործակցության մեջ, քանի որ շախմատն ամբողջությամբ քայլերի ծրագրավորման ընթացք է, եւ որ բազմաթիվ են դեպքերը, որ լավ շախմատիստը նաեւ շատ լավ ծրագրավորող է դարձել։
Խաղերը տեղի կունենան հունիսի 2-ին, 16։00-ին, իսկ եզրափակիչ խաղը, փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը՝ հունիսի 3-ին, 11:00-ին Շախմատի ակադեմիայում:
«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը սկսած 2013թ. նախաձեռնում է մրցաշարի կազմակերպումը։