Արայիկ Հարությունյանը
09:42 | 01.06.18 | Նորություններ | 8839
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատիրոջ հետ կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մենաշնորհի վերացման վերաբերյալ:
Արայիկ Հարությունյանը բանակցությունները որակել է «ծանր, բայց արդյունավետ»:
Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին լրագրողների ներկայությամբ ստորագրել է Հայաստանում գործող երեք օպերատորներին ուղղված նամակները, որոնցում նրանց առաջարկվում է գործունեություն ծավալել Արցախի կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում:
«Բացի պայմանագրով նախատեսված մենաշնորհի վերացումից, պայմանավորվածություն եմ ձեռք բերել սեպտեմբերի 1-ից հետվճարային բաժանորդներից գանձվող բաժանորդավճարը նվազեցնել 50 տոկոսով, րոպեավճարը՝ 20 տոկոսով, նույն չափով կնվազի նաեւ ռոումինգ ծառայության վճարը: Սեփականատերը պարտավորվել է նաեւ մոտ 11 մլն եվրոյի ներդրում կատարել, ինչպես նաեւ համապատասխան միջոցներ ձեռք առնել մինչեւ տարեվերջ 3G ծառայության եւ համացանցի որակի բարելավման ու դրանց սակագների նվազեցման ուղղությամբ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Պետնախարարը նշել է նաեւ, որ առաջիկայում կհրավիրվի միջազգային ընկերություն, որը կգնահատի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության արժեքը՝ կատարված ներդրումներով հանդերձ, քանի որ սեփականատերը ցանկություն է հայտնել վաճառել ընկերությունը գնահատված արժեքից նույնիսկ ավելի ցածր գնով եւ ներդնել գործարքից ստացված գումարն Արցախի գյուղատնտեսության ոլորտում:
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատերը Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերության նախագահ Պյեռ Ֆատուշն է: