12:38 | 23.05.18 | Նորություններ | 8832

ClimateLaunchpad Armenia մրցույթին կմասնակցի 10 թիմ

Մայիսի 24-ին կմեկնարկի ClimateLaunchpad Armenia 2018 «կանաչ» բիզնես գաղափարների մրցույթը:

ClimateLaunchpad-ը աշխարհում մաքուր եւ կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որն իրականացվում է ավելի քան 35 երկրներում:

Մրցույթին մասնակցում են կլիմայի փոփոխություններին եւ մաքուր տեխնոլոգիաներին ուղղված նորարարական գաղափարներ ունեցող թիմերը: Հայաստանում այն իրականացվում է Նորարարությունների եւ տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի կողմից ստեղծված՝ Climate KIC կրթական-նորարարական համայնքի ClimateLaunchpad ծրագրի եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի համագործակցության շրջանակում:

Մրցույթը կմեկնարկի 2-օրյա բիզնես ճամբարով, որի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ընտրված 10 թիմերը կսովորեն վերածել իրենց գաղափարները կենսունակ բիզնես նախագծերի եւ ձեռք կբերեն բիզնես վարելու հմտություններ:

Բիզնես ճամբարը կվարի մաքուր տեխնոլոգիաների արտադրության ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող ClimateLaunchpad կենտրոնական թիմի ներկայացուցիչ Ռոն Բլումերսը:

2-օրյա ճամբարից հետո թիմերը կմասնակցեն արագացված խորհրդատվական դասընթացներին՝ ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերին:

Ազգային եզրափակչի ընթացքում ընտրված երեք լավագույն թիմերը կմասնակցեն նոյեմբերի 1-2-ը Էդինբուրգում (Շոտլանդիա) կայանալիք մեծ եզրափակչին:

Մեծ եզրափակիչ փուլի լավագույն երեք ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար €10 000, €5 000 եւ €2 500 ներդրումներ: