ClimateLaunchpad Հայաստան 2017-ի հաղթողները կներկայանան եվրոպական եզրափակչում, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-18-ը Կիպրոսում:
Մրցույթն իրականացվում է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի եւ Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի համագործակցության շրջանակում:
Կիպրոսում կմրցեն հետեւյալ գաղափարները՝ Advanced Biofuel/Biodiesel՝ կենցաղային յուղից ստացվող վառելիք, EcoPad՝ բազմակի օգտագործման նոթատետր, AWCA (Atmospheric Water Generator for Cars)՝ օդից ջուր ստացող սարք։
Եվրոպական մրցույթում լավագույնը ճանաչված 3 նախագծերը կստանան, համապատասխանաբար, €10 000, €5 000 եւ €2,500 մրցանակ, ինչպես նաեւ, տասնյակում հայտնված մասնակիցները աջակցություն կստանան Climate-KIC ակսելերացիոն ծրագրի կողմից։
Մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտում հաջողակ գաղափարները եւ նպաստել վերջիններիս հետագա զարգացմանը՝ դրանք վերածելով հաջող բիզնես նախագծերի։
Եզրափակչի 10 մասնակիցներն ընտրվել են դիմած մոտ 30 թիմերից եւ հունիսի 8-9 մասնակցել են մրցույթի առաջին փուլին: Այնուհետ՝ հունիս-հուլիսին, թիմերը մասնակցել են 6-անգամյա խորհրդատվական դասընթացների հայ մենթորների կողմից: