15:23 | 16.05.18 | Նորություններ | 5789

ՏՏ-ն կդառնա տնտեսությունն առաջ մղող ուժերից մեկը, ասել է վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր համոզմունք է հայտնել, որ այս բնագավառը կդառնա տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժերից մեկը:

Այս մասին վարչապետը նշել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունի եւ գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019-ին Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:

Վարչապետը կարեւորել է համաժողովի անցկացումը Հայաստանում եւ ընդգծել, որ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը եւ Իվոն Չուն պայմանավորվել են ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի համաժողովի պատշաճ կազմակերպման աշխատանքները:

Իվոն Չունն ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայություննրի համաշխարհային ալյանսը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությամբ եւ ներկայացրել Թայվանի փորձը՝ համաժողովի կազմակերպման ոււղությամբ:

Համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։