16:34 | 04.05.18 | Նորություններ | 17603

«Ռոստելեկոմ» Հայաստանն ապահովել է անխափան եվ որակյալ ինտերնետ

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը («Ռոստելեկոմ» Հայաստան) տեղեկացնում է, որ վերջին օրերին ծավալվող իրադարձությունների համատեքստում ապահովել է կայուն եւ որակյալ ծառայություններ՝ հնարավորություն տալով բնակչությանը համացանցի միջոցով առցանց հետեւել իրադարձություններին։

«Քանի որ լրահոսի հիմնական շեշտադրումը եղել է առցանց ռեսուրսների եւ հեռարձակումների միջոցով, ընկերության բաժանորդները, չնայած ցանցի գերծանրաբեռնվածությանը, հնարավորություն են ունեցել առանց որեւէ խոչընդոտի դիտելու եւ տեղեկանալու նորություններին գերարագ ինտերնետի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերության տվյալների կենտրոնում արդեն շուրջ հինգ տարի է տեղակայված են Google (այդ թվում՝ Youtube), Rutube.ru, Mail.ru, ok.ru (Ondoklassniki.ru), իսկ 2017-ից նաեւ Facebook սոցիալական ցանցի սերվերները (cache):

Ընկերության տեխնիկական անձնակազմն այս օրերին աշխատել է ուժեղացված 24/7 ռեժիմով:

«Տարիներ շարունակ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը խորքային եւ տեխնոլոգիական ներդրումներ է իրականացրել Հայաստանի տարածքում՝ կառուցելով լայն ծածկույթով օպտիկամանրաթելային ցանց, ինչպես նաեւ երկրի սահմաններից դուրս միջազգային կապուղիներով կապ հաստատելով կարեւորագույն համաշխարհային կենտրոնների հետ։ Մեր ընկերության մուտքը հեռահաղորդակցության ծառայությունների շուկա մեծապես նպաստել է ժամանակին ինտերնետի գների շեշտակի անկմանը եւ արագությունների բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով հայաստանյան բոլոր օգտատերերին, ընկերություններին, պետական կառույցներին օգտվել տարածաշրջանում նվազագույն գներով մատուցվող ժամանակակից գերարագ ինտերնետից եւ հարակից ծառայություններից։

Վերջին օրերի ժողովրդական շարժման ընթացքում էլ բաժանորդների համընդհանուր գոհունակությունը փաստում է, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը ամենավստահելի ու կայուն ծառայությունների մատակարարն է»,- նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։