13:09 | 16.04.18 | Նորություններ | 6551

Ինչպես պաշտպանվել տվյալների հավաքագրումից

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն ուսումնասիրել են մի շարք դեպքեր եւ տեխնոլոգիաներ, երբ սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալներն օգտագործվում են նրանց քաղաքական եւ սպառողական նախասիրությունների, վարկունակության, աշխատանքի տեղավորվելու հնարավորության եւ նրանց հնարավոր սոցիալական վարքի այլ ասպեկտների մասին տեղեկատվություն ստանալու համար։

«Կասպերսկի»-ում նշել են, որ այդ տեխնոլոգիաները կարող են կիրառվել կամ կիրառվում են նաեւ Հայաստանում:

«Սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից գեներացվող տվյալների հսկայական քանակը վաղուց ցանկալի ավար է դարձել մարքեթինգային գործակալությունների, սոցիոլոգիական ծառայությունների եւ տվյալների վաճառքով զբաղվող ընկերությունների համար։ Բրիտանական Cambridge Analytica ընկերությանն առնչվող վերջերս տեղի ունեցած աղմկահարույց դեպքը, որն, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, ստացել է Facebook-ի 50 միլիոն օգտատերերի տվյալները եւ դրանք օգտագործել  ԱՄՆ-ում նախընտրական արշավի ընթացքում, ավելորդ անգամ ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է այդ ռեսուրսը»,- նշել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ում:

Կիբերանվտանգության փորձագետ, Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանն առաջարկում է սոցիալական ցանցերում տվյալների հավաքագրումից պաշտպանվելու մի քանի խորհուրդ.

- Սահմանափակե՛ք ձեր էջին երրորդ անձանց հասանելիությունը։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ունի գրառումներ այն մասին, թե ինչպես ճիշտ կարգավորել գաղտնիությունը եւ անվտանգությունը Вконтакте-ի եւ Одноклассники-ի դեպքում։ Անպայման կարդացե՛ք դրանք։
- Հետեւե՛ք, թե ում հետ եք ընկերանում։ Եթե դուք ընկերանալու հարցումներ եք ընդունում անծանոթ մարդկանցից, ապա պատրաստ եղեք նրան, որ ձեր գրառումներն ամեն դեպքում կտեսնի գործատուն կամ վարկատուն, եթե նույնիսկ ձեր էջը փակ է։
- Օգտագործե՛ք ձեր վեբ-այցելությունների պատմությանը տվյալներ հավաքագրողների հասանելիությունը սահմանափակող մեխանիզմներ։ Դրա համար կարող է օգտակար լինել, օրինակ, Kaspersky Internet Security-ի «Պաշտպանություն տվյալների հավաքագրումից» բաղադրիչը։