15:09 | 11.04.18 | Նորություններ | 7887

Armenian Blockchain Forum-ը ստարտափներից ընդունում է հայտեր

Ապրիլի 22-ին Հայաստանում՝ «Թումո» կենտրոնում, առաջին անգամ կկայանա Armenian Blockchain Forum-ը, որին կմասնակցեն բլոկչեյն տեխնոլոգիայի փորձագետներ աշխարհի 20 երկրից:

Համաժողովին մասնակցությունը վճարովի է: Խոսնակների ցանկը եւ գրանցման հայտը հասանելի է այստեղ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանն այսօր տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ընկերությունների համար կանցկացվի Roadshow ICO, որին կմասնակցի ավելի քան 30 ներդրումային ֆոնդ աշխարհի 20 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Շվեյցարիայից, Իռլանդիայից, Ռուսաստանից, Կանադայից, Հոնկոնգից եւ այլն:

Մասնակից ֆոնդերի ընդհանուր կապիտալը կազմում է ավելի քան $10 մլրդ:
    
«Սա լավ հնարավորություն է հայաստանյան ընկերությունների համար, որոնք աշխատում են բլոկչեյն տեխնոլոգիաների ուղղությամբ, որպեսզի գործնական կապեր ստեղծեն ներդրողների հետ»,- ընդգծել է Էմիլ Տարասյանը:

Նա տեղեկացրել է, որ համաժողովը բաղկացած կլինի 4 մասից: Տեղի կունենան քննարկումներ՝ նվիրված բլոկչեյնի ապագային, ինչպես նաեւ տեխնոլոգիայի ազդեցությանը՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին եւ կրիպտոարժույթներում ներդրումներին:  

Երկրորդ մասում կանցկացվի 12 կրթական դասընթաց ուսանողների եւ գործարարների համար, որոնք նոր են սկսում հետաքրքրվել բլոկչեյն տեխնոլոգիայով:

Երրորդ մասում ընդհանուր հայտերի արդյունքում տարբեր երկրներից ընտրված 15 լավագույն ստարտափ թիմերը հնարավորություն կստանան ներկայանալու պրոֆեսիոնալ ներդրողների առջեւ, մասնակցելու աքսելերացիոն ծրագրին եւ ներդրումներ ստանալ:

Չորրորդ մասում կգործի առանձնացված տարածք B2B եւ B2G (business-to-government) հանդիպումների համար:

Armenian Blockchain Forum-ի կրթական կլաստերի գործադիր տնօրեն Անաստասիա Տյուրինան էլ կարծիք է հայտնել, որ «Հայաստանը գլոբալ մասշտաբով թերագնահատված ակտիվ է»:

«Այստեղ ավելի քան 25 հազ. երիտասարդ տեխնոլոգիաների ոլորտում կրթություն է ստանում: Առկա է ներուժ մի շարք տեխնոլոգիական ուղղությունների զարգացման համար, որոնք հնարավոր կլինի միանգամից ուղղորդել դեպի գլոբալ շուկաներ: Ցանկանում ենք Հայաստանում որքան հնարավոր է շատ մարդկանց պատմել բլոկչեյնի, դրա գործածման հաջողակ օրինակների մասին: Մեզ հաջողվել է Երեւան բերել 20 երկրից փորձագետների, որոնց մի մասը կանգնած է եղել բլոկչեյն ուղղության ստեղծման ակունքներում»,- նշել է Անաստասիա Տյուրինան:

Նա հավելել է, որ իրենց հաշվարկով՝ Հայաստանում բլոկչեյն ուղղության 10-ից ավելի ընկերություն է գործում: