Յուհա Ռուոհոնենը
12:57 | 16.03.18 | Հարցազրույցներ | exclusive 108805
2018թ. փետրվարի 8-9-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը հյուրընկալել էր շուրջ 2000 ներկայացուցչի ամբողջ աշխարհից:
Յուհա Ռուոհոնենը Superhero Capital վենչուրային հիմնադրամի գործընկերն է:
Նախկինում նա հանդես է եկել որպես Startup Sauna ֆիննական նախաձեռնության գլխավոր մենթոր: Աշխատել է բազմաթիվ հաջողակ ստարտափների հետ՝ օգնելով նրանց տարածվել դեպի գլոբալ շուկաներ:
Itel.am-ի լրագրողը TechChill-ի շրջանակում զրուցել է Յուհա Ռուոհոնենի հետ:
- Որքանո՞վ են Բալթյան երկրները եւ Նորդիկ (Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա) տարածաշրջանը հարմար արտերկրից ժամանած ստարտափների համար:
- Կարող եմ ասել, որ այն գրկաբաց է: Մեզ մոտ բավական լավ է ստացվում ստարտափներին երկիր բերելը:
Ներկայում Ֆինլանդիան արդեն ունի ստարտափ վիզա, որը կարելի է արագ ստանալ: Էստոնիան եւս լավ է աշխատում ստարտափների ներգրավման ուղղությամբ:
Ներկայում Ռուսաստանից, Բելառուսից բազմաթիվ ստարտափներ են ակտիվորեն միանում ֆինլանդական, էստոնական եւ լատվիական էկոհամակարգերին:
Պատճառը գուցե այն է, որ բավական բարդ է ներդրումներ ներգրավել, եթե դու բելառուսական կամ ռուսական ընկերություն ես՝ հաշվի առնելով այն, որ շատ ներդրողներ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով հազվադեպ են այնտեղ ներդրում կատարում: Միաժամանակ, նրանք կարող են ներդրում կատարել ԵՄ տարածքում գործունեություն ծավալող ռուսական թիմերում:
- Վենչուրային ներդրում ցանկանում է ստանալ ցանկացած ստարտափ: Իսկ ի՞նչ է պետք պարտադիր իմանալ մինչեւ վենչուրային հիմնադրամին դիմելը:
- Առաջին հերթին, պետք է կարողանաս հասկանալ ոլորտի տրամաբանությունը: Դա «վճարի՛ր, որ խաղաս» ոլորտ է: Եւ երբ ոտքդ դնում ես այդ ուղու վրա, այլեւս չունես փորձաշրջանի հնարավորություն: Մենք՝ ներդրողներս, չենք կարող ասել՝ վերցրե՛ք մեր գումարը եւ եթե չհավանեք, վերադարձրե՛ք այն:
Առաջնային մարտահրավեր է այն, որ ձեռներեցները հիմնականում չեն հասկանում, թե ինչպես է աշխատում վենչուրային ոլորտը: Նրանք չեն հասկանում, թե ինչու մենք պետք է որոշակի մասնաբաժին ստանանք: Մենք, օրինակ, սաղմնային փուլի հիմնադրամ ենք եւ հիմնականում ներդրում ենք կատարում հրեշտակ ներդրողներից հետո կամ նրանց զուգահեռ: Ստարտափները հաճախ չեն ընկալում, որ պետք է մի շարք ներդրումային փուլերով անցնեն եւ դրանցից յուրաքանչյուրում կորցնելու են իրենց ընկերության 15-25% մասնաբաժինը:
Հոգեբանորեն ձեռներեցների համար այս հանգամանքն ընդունելը բարդ է, քանի որ նրանք ցանկանում են միլիոնավոր դոլարի ներդրումներ ստանալ վենչուրային հիմնադրամներից եւ միաժամանակ՝ շարունակել տնօրինել իրենց ընկերության, օրինակ, 80%-ը: Դա չաշխատող մոդել է: Եթե ցանկանում ես ամբողջ կյանքում միայնակ տնօրինել սեփական ընկերությունդ, ապա ընդհանրապես մի՛ բանակցիր ներդրողների հետ: Միայնակ տնօրինման մեջ որեւէ վատ բան չկա, բայց դա լրիվ այլ խաղ է:
- Ի՞նչ կասեք գլոբալ հավակնություններ ունեցող եւ Արեւելյան Եվրոպայում գործունեություն ծավալող ստարտափներին:
- Ձեռներեցները հաճախ պատկերացում չունեն իրենց շուկայի մասին: Նրանց հաճախ տալիս եմ հետեւյալ հարցը՝ ո՞րն է ամենահայտնի միջազգային միջոցառումը ձեր ոլորտում: Եվ երբ տալիս են այդ միջոցառման անունը, ասում եմ, տո՛մս գնեք, գնացե՛ք այնտեղ, տեսե՛ք, թե էլ ով կա ներկա, ինչի մասին են նրանք խոսում, եւ եթե վերադառնալուց հետո չհասկանաք, թե ինչով եք տարբերվում, դադարեցրե՛ք ձեր սկսած գործը եւ այլ բանով զբաղվեք:
Եթե չգիտեք, թե որն է ձեր շուկան, ես ձեզ ծույլ եմ համարում:
Դուք պետք է տարբերվեք, անեք մի բան, որը յուրահատուկ է: Սովորելու լավագույն ճանապարհը տեսնելն է, թե ինչ են մյուսները անում: Դո՛ւրս եկեք ձեր երկրից եւ տեսե՛ք, թե ում հետ եք մրցակցում:
Կարող եք տեխնոլոգիան թիմին պահել այնտեղ, որտեղ դա ավելի մատչելի է, առկա է տաղանդներին ներգրավելու հնարավորություն, բայց ստարտափի բիզնես ճյուղին պետք է հնարավորինս արագ տեղափոխվել այնտեղ, որտեղ թիրախային շուկան է: Սա իրականում այն մոդելն է, որով Իսրայելն է աշխատում:
- Ինչպիսի՞ ստարտափներով է ձեր վենչուրային հիմնադրամը հետաքրքրվում:
- Մենք հիմնականում ներդրումներ ենք կատարում Նորդիկ տարածաշրջանում՝ Ֆինլանդիայում եւ Բալթյան երկրներում: Սաղմնային փուլի ներդրումներ իրականացնող հիմնադրամ ենք, այդ իսկ պատճառով կարծում ենք, որ պետք է աշխարհագրորեն մոտ լինենք այն ստարտափներին, որոնցում ներդրում ենք կատարում: Հիմնական ուղղվածությունը B2B ստարտափներն են:
- Հայկական ՏՏ զարգացումներից տեղյա՞կ եք:
- Անկեղծ ասած՝ ոչինչ չգիտեմ: Հայաստանում երբեք չեմ եղել, ու տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում: Եղել եմ հետխորհրդային մի շարք այլ երկրներում՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան: Բայց եթե Հայաստանն ունի հետաքրքիր առաջարկներ, կարող ենք սկսել քննարկումներ:
Յուհա Ռուոհոնենի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը