11:21 | 15.03.18 | Հոդվածներ | exclusive 59428

Հայկական Curencii ստարտափը մասնակցում է Startup Wise Guys-ի ծրագրին

Curencii հայկական ստարտափը, որն արտարժույթի օնլայն փոխանակման հարթակ է եւ թույլ է տալիս շուրջ 10 անգամ խնայել արտարժույթ փոխանակելու գործընթացում, մասնակցում է Ռիգայում օրեր առաջ մեկնարկած Startup Wise Guys էստոնական աքսելերատորի եռամսյա ծրագրին:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Վահագն Գրիգորյանը նշում է, որ ստարտափը գործունեությունը սկսել է Հայաստանում, սակայն որոշ պատճառներով չի կարողացել լիցենզիա ստանալ: Հետագայում Startup Wise Guys-ի ծրագրին մասնակցելու նպատակով Վահագն Գրիգորյանը տեղափոխվել է Ռիգա, որտեղ էլ արդեն ապրիլի սկզբին ստարտափը կիրականացնի իր առաջին տրանզակցիաները:

«Համակարգում ներկայացված է երկու կողմ՝ գնորդ եւ վաճառող: Մենք այդ կողմերի համար ծառայում ենք որպես կամուրջ, գեներացնում ենք բոլոր պահանջները, հետո յուրաքանչյուր կողմին փոխանցում իրեն հասանելիք գումարը: Նրանք իրար չեն տեսնում, դա արված է անվտանգությունից ելնելով, որպեսզի իրար չխաբեն»,- համակարգի աշխատանքը բացատրում է Վահագն Գրիգորյանը:

Ներկայում ստարտափի նպատակը բիզնեսների հետ աշխատելն է, ավելի ուշ կսկսեն նաեւ անհատների հետ համագործակցել:

«Արտարժույթի փոխանակումը ռիսկային գործընթաց է, քանի որ տատանումներից բիզնեսները մեծ կորուստներ կունենան: Որոշ ընկերություններ մեկ տատանման արդյունքում կարող են կորցնել իրենց ամբողջ տարվա եկամուտը: Դրանք հիմնականում աութսորսինգով զբաղվող եւ հաշվապահական ընկերություններն են, ճանապարհորդական գործակալությունները, ֆինանսական հաստատությունները»,- պատմում է Վահագն Գրիգորյանը:   

«Եթե նախկինում մեր թիրախը Հայաստանն ու ԱՊՀ մյուս երկրներն էին, ապա ներկայում շուկան փոխվել է: Եվրոպայում ամեն օր փոխարժեքի 800 մլրդ տրանզակցիա է իրականացվում: Ամբողջ աշխարհում այդ թիվն օրական կազմում է 6 տրլն»,- հավելում է նա:

Curencii-ն քննարկում է Բալթյան երկրների ամենախոշոր բանկերից մեկի՝ Swedbank-ի հետ համագործակցությունը, որին է պատկանում տարածաշրջանի շուկայի շուրջ 50%-ը: Ի դեպ, բանկը Startup Wise Guys-ի գործընկերն է եւ աքսելերացիոն ծրագիրը հենց նրա գրասենյակում է ընթանում:

Curencii-ի 4-հոգանոց թիմը ծրագրում է ամրապնդվել եւ հաճախորդներ ներգրավել Լատվիայում, ապա ընդլայնվել դեպի Էստոնիա, Լիտվա եւ Շվեդիա: Այնուհետ, Վահագն Գրիգորյանի խոսքով, կմտածեն Հայաստանի եւ հետխորհրդային այլ երկրների մասին, քանի որ կարծում են, որ փոխարժեքի տատանումների արդյունքում ծրագրի պահանջարկն իսկապես առկա է:

Ստարտափներին Վահագն Գրիգորյանը խորհուրդ է տալիս չընկճվել ձախողումներից:

«Հոգեբանորեն պատրաստ պետք է լինել ամենավատ սցենարին: Երբեք մի՛ ամաչեք խոսել հայտնի աքսելերատորների ներկայացուցիչների հետ: Առանց դրա ոչ ոք չի իմանա, որ դուք գոյություն ունեք: Համա՛ռ եղեք, հիշեցրե՛ք նրանց ձեր մասին, նամակնե՛ր գրեք, համոզե՛ք: Աքսելերատորների հետ համագործակցությունը փոխշահավետ գործընթաց է՝ որքան դու ունես իրենցից շահ, նույնքան էլ իրենք՝ քեզանից»,- ասում է Curencii-ի հիմնադիրը:

Միաժամանակ, նա նկատում է, որ Հայաստանում ստարտափներն ավելի շատ կենտրոնանում են պրոդուկտի մշակման, քան բիզնեսի վրա:

«Կոդը իր տեղն ու ժամանակը ունի, բայց սա, վերջիվերջո, բիզնես է, որը պետք է առաջ տանել»,- ամփոփում է Curencii-ի հիմնադիրը:

Նարինե Դանեղյան