17:09 | 07.03.18 | Նորություններ | 23629

Հայկ Եսայանը խոսել է Պոլիտեխնիկում գործող Ucom լաբորատորիայի հաջողության մասին

Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մասնակցել է իր ԲՈՒՀ-ի՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի հիմնադրման 60, Պոլիտեխնիկական համալսարանում տպագիր մամուլի 85, ուսանողական մամուլի 15-ամյակների միջոցառմանը։

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց ԲՈՒՀ-ի հաջողության հասած շրջանավարտների հետ մշտական կապը պահելու կարեւորության մասին.

«Ucom-ի ղեկավար Հայկ Եսայանը շատ լավ նախաձեռնությամբ հանդես եկավ եւ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք, որի շրջանակում ստեղծվեց այսօր արդեն հաջողությամբ գործող Ucom լաբորատորիան։ Գործատու-բարձրագույն ուսումնական հաստատություն հարաբերումների մեջ սա լավագույն երեւակումներից մեկն է։ Շուտով մենք հավաստագրեր կհանձնենք Ucom լաբորատորիայի այն շրջանավարտներին, որոնք գերժամանակակից գործիքամիջոցների կիրառմամբ հասել են հաջողության եւ արժանի են Ucom-ում աշխատելու»։

«Որպես պոլիտեխնիկցի եւ որպես Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ ուրախ եմ, որ իմ երկու հարազատ կառույցները նույն տեսլականն ունեն երկրի շենացման վերաբերյալ եւ գնում են դեպի նորագույն տեխնոլոգիաները։ Ուրախալի է, որ մեր ընկերության կողմից բացված լաբորատորիայի լավագույն սաները քննությունների արդյունքում Ucom-ում աշխատելու հնարավորություն են ստացել։ Այս գործակցությունը շարունակական է լինելու»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։