15:18 | 26.02.18 | Նորություններ | 16794

Հայաստանին է փոխանցվել ՏՏ համաշխարհային համաժողովի էստաֆետը

Հայաստանյան պատվիրակությունը վերադարձել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցած ՏՏ համաշխարհային համաժողովից (World Congress in Information Technology-WCIT), որի շրջանակում ստացել է 2019թ. համաժողովը Երեւանում անցկացնելու էստաֆետը:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է Հնդկաստանի հետ համագործակցության հուշագրի մասին, ըստ որի՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձը կներդրվի նաեւ Հայդերաբադ քաղաքում:

Հաջորդ հաղթանակը Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահի մրցանակն էր Թումո ստեղծարար կենտրոնին:

«Համաժողովին մասնակցել են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ ինչպես Հնդկաստանից, այնպես էլ այլ երկրներից: Ներկա էին համաշխարհային ճանաչում ունեցող Adobe, Honeywell, Coursera եւ բազմաթիվ այլ ընկերությունների հիմնադիրներ ու ղեկավարներ:  2019 թ-ին Հայաստանում ունենալով այսպիսի պատվիրակներ՝ մենք կարող ենք նրանց ներկայացնել Հայաստանի ՏՏ ներուժը եւ ներդրումներ ներգրավել»,-նշել է Ալեքսանդր Եսայանը:

WCIT 2019-ը Հայաստանում անցկացնելու իրավունքը ձեռք է բերվել ԻՏՁՄ-ի կողմից դեռեւս 2014-ին Մեքսիկայում անցկացվող համաժողովի ընթացքում: