16:41 | 19.02.18 | Նորություններ | 14100

Հնդկաստանի դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի Հնդկաստանի դպրոցներում։

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում ընթացող ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում այս առնչությամբ համագործակցության հուշագիր են ստորագրել ԻՏՁՄ-ն եւ Հնդկաստանի Lexicon PR Management Service-ը:
 
ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը WCIT-ի կազմակերպիչ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի կողմից ընտրվել է որպես WITSA Տնօրենների խորհրդի անդամ: Նա նաեւ ներկայացրել է Հայաստանում անցկացվելիք WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

ԻՏՁՄ-ի կողմից արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2019-ին Մալայզիայից Հայաստան է ժամանելու մեծ պատվիրակություն՝ WCIT 2020-ի էստաֆետը Հայաստանից վերցնելու նպատակով:

Համագործակցության եզրեր են ձեւավորվել նաեւ ASOCIO-ի (The Asian-Oceanian Computing Industry Organization) հետ, որը Ճապոնիայում հիմնադրված կազմակերպություն է եւ ներառում է ՏՀՏ ու բիզնես ոլորտի 24 երկրների կազմակերպություններ: 2019-ին վերջիններս նույնպես կժամանեն Հայաստան:

WCIT-ը բիզնես հաղորդակցությունների եւ գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների եւ նշանավոր գիտնականների համար: